Օգոստոսի 1-ից սննդի առաքիչների համար սանիտարական գրքույկի առկայությունը պարտադիր կդառնա![]() 28 հուլիսի 2026 - 16:49 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 1-ից սննդի առաքիչների սանիտարական գրքույկի առկայությունը պարտադիր կդառնա, ՍԱՏՄ-ն ամբողջ ծավալով կվերահսկի սննդի առաքում իրականացնողներին: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնել է, որ դեռևս տարեսկզբին, հաշվի առնելով սննդամթերքի առաքման ծառայությունների նկատմամբ աճող պահանջարկը, ինչպես նաև քաղաքացիներից ստացված բազմաթիվ բողոքներն ու ահազանգերը, նախազգուշացրել է առաքում իրականացնող կազմակերպություններին, որ այս ոլորտում սկսելու է լայնածավալ վերահսկողություն։ Տեսչական մարմինը հստակեցրել է, որ այն առաքիչները, որոնք չեն անցել նախնական և պարբերական բժշկական զննություն կամ չունեն սանիտարական (բժշկական) գրքույկ, ենթակա են վարչական պատասխանատվության։ Միաժամանակ ընդգծվել է, որ գործատուների պարտականությունն է ապահովել սննդամթերքի արտադրության և շրջանառության փուլերում սննդամթերքի հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցների բժշկական զննությունը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան։ ՍԱՏՄ-ի և առաքում իրականացնող գործընկեր կազմակերպությունների հանդիպման ընթացքում վերջիններս խնդրել են լրացուցիչ ժամանակ տրամադրել, որպեսզի կարողանան ավարտին հասցնել մոտ 2-3 հազար առաքիչների բուժզննության և սանիտարական (բժշկական) գրքույկների ձեռքբերման գործընթացը։ Տեսչական մարմինը հայտնել է, որ ընդառաջել է այդ խնդրանքին և սահմանել ողջամիտ ժամկետ։ Նշվում է նաև, որ այս գործընթացում կհրապարակվեն ոչ միայն արձանագրված խախտումները, այլև այն գործընկեր կազմակերպությունների անունները, որոնք բարեխղճորեն կատարած կլինեն օրենքով սահմանված պահանջները։ Սննդի շղթայի ցանկացած փուլում՝ արտադրության, մշակման, վերամշակման, բաշխման, պահման, պահպանման, փոխադրման, ներմուծման, արտահանման և իրացման գործընթացներում ներգրավված անձնակազմը պետք է աշխատանքի ընդունվելիս անցնի նախնական, իսկ հետագայում յուրաքանչյուր կիսամյակ՝ պարբերական բժշկական զննություն և ունենա անձնական սանիտարական (բժշկական) գրքույկ։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |