Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսի քրեական գործը փոխանցվել է դատարան

Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսի քրեական գործը փոխանցվել է դատարան

PanARMENIAN.Net - Դատախազը հաստատել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 6 եպիսկոպոսի գործով մեղադրական եզրակացությունը և այն ուղարկել դատարան։ Այդ մասին տեղեկացել է ՀՀ գլխավոր դատախազությունից, հայտնում է Radar Armenia-ն:

Մեղադրյալի կարգավիճակ ունեն Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանը, Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Տեր Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը, Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը և Տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը։

Քրեական գործը հարուցվել է ՀԱԵ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով։ Նույն գործով Գարեգին Բ-ի նկատմամբ ևս կիրառվել է ՀՀ տարածքը լքելու արգելքը։

Պաշտպանական խումբը հայտարարել է, որ պատրաստվում է օրենքի շրջանակում բոլոր հնարավոր եղանակներով պայքարել։ Այդ մասին ասել է փաստաբան Արմինե Ֆանյանը, հայտնում է Sputnik Արմենիան:

«Մենք օրենքի սահմաններում բոլոր եղանակներով պաշտպանություն ենք իրականացնելու։ Սա ակնհայտ ապօրինի մեղադրանք է։ Պետությունն իր ամբողջ գործիքակազմով միջամտում է եկեղեցու ներքին կյանքին, որի իրավասությունը չունի ո՛չ օրենսդրությամբ, ո՛չ էլ Սահմանադրությամբ։ Ապավինում ենք դատարանի օրինական որոշմանը, որպեսզի այս ապօրինությունը ի վերջո հանգուցալուծվի, ու հօգուտ այն անձանց, ովքեր հանիրավի հետապնդվում են։ Որևէ իշխանության օրոք այսպիսի միջամտություն չի եղել, այն էլ ապօրինի քրեական հետապնդումներ հարուցելու եղանակով։ Սա բացառիկ և խիստ պարսավելի երևույթ է»,– նշել է Ֆանյանը։

Նա ընդգծել է, որ արդարացման դեպքում Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված է ռեաբիլիտացիայի ինստիտուտը, և պաշտպանական կողմն արդեն իրականացրել է այնպիսի քայլեր, որոնք ուղղված են արդարացման հիմքերի ձևավորմանը։ Նա նաև շեշտել է, որ բոլոր առանցքային որոշումները բողոքարկվել են, և դրանց զգալի մասով արդեն դրական արդյունքներ են արձանագրվել։

Ֆանյանի խոսքով՝ այդ դրական արդյունքները դատաքննության ընթացքում ծառայելու են հոգևորականների արդարացմանը, իսկ ռեաբիլիտացիայի ինստիտուտը հնարավորություն է տալու վերականգնել նրանց իրավունքները։

Փաստաբանը նաև հիշեցրել է, որ քրեական հետապնդման ժամկետներն արդեն սպառվել են, և եպիսկոպոսների արդարացման հիմքերից մեկն էլ հենց այդ հանգամանքն է․ նրանց նկատմամբ իրականացվող հետապնդումը պետք է դադարեցվի։

Փետրվարի 14-ին հայտնի է դարձել, որ կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով, ինչպես նաև արգելվել է Ամենայն հայոց կաթողիկոսի ելքը Հայաստանից։

 Ուշագրավ
---