Դավիթ Հարությունյանը բացասաբար է վերաբերվում նոր փաստահավաք խմբի ստեղծման գաղափարին

PanARMENIAN.Net - «Փաստահավաք խմբի լիարժեք աշխատանքի համար անհրաժեշտ էր վստահության եւ անկեղծության մթնոլորտ: Այսօր բոլոր անհրաժեշտ պայմանները պետք է ստեղծվեն 2008-ի մարտի 1-2-ի դեպքերի ուսումնասիրման ՀՀ Խորհրդարանի ժամանակավոր հանձնաժողովի նորմալ գործունեության համար, որպեսզի նա կարողանա ավարտել աշխատանքը եւ հրապարակի արդյունքները»,- այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, պատգամավոր, ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը:



Նրա խոսքերով, դեռ շատ հարցեր կան, որոնք պատասխանի են սպասում: «Փաստահավաք խմբի կողմից խորհրդարանական հանձնաժողովին հանձնված նյութերը դեռեւս ուսումնասիրվում են: Չեն բացահայտվել 10 մարդու մահվան հանգամանքները, իսկ դա հարց է, որին անհրաժեշտ է վերջնական պատասխան տալ»,- նշել է նա:



Դավիթ Հարությունյանն իր բացասական վերաբերմունքն է արտահայտել նոր փաստահավաք խմբի ստեղծման մասին: «Նոր փաստահավաք խումբ ստեղծելու եւ նրանում միջազգային փորձագետներ ներառելու գաղափարը շատ վտանգավոր եւ անհաջող եմ համարում: Այլ երկրների փորձը ցույց է տվել, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի»,- հայտարարել է նա:
 Ուշագրավ
---