Ստեփանավանում ստորագրահավաք է սկսվել երկրաբանական հետախուզման թույլտվության դեմ

Ստեփանավանում ստորագրահավաք է սկսվել երկրաբանական հետախուզման թույլտվության դեմ

PanARMENIAN.Net - Ստեփանավանում ստորագրահավաք է սկսվել նոր հանքային պաշարների որոնման դեմ `: Այդ մասին հայտնել է քաղաքի բնակիչ Տիգրան Արեգունին ֆեյսբուքյան իր էջում:

Նա նշել է, որ միանում են «Սագամար» ՓԲԸ-ին Արամանիսի հանքային դաշտի արևմտյան և հարավ-արևելյան տեղամասերում երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու թույլտվության տրամադրման դեմ ներկայացված դիմում-պահանջին։

«Կարող եք միանալ ստորագրահավաքին։ Ստեփանավանի Մյասնիկյան 2֊րդ փակուղու մոտակայքի մարդիկ գրեք ինձ, պայմանավորվենք, եկեք, ստորագրեք»,- գրել է նա։

Դիմում-պահանջում ասվում է․ «Մենք համոզված ենք, որ մինչև նոր ուսումնասիրությունների կամ հետագա հանքարդյունահանման հետ կապված որևէ հայտի քննարկումն ու գնահատումը, անհրաժեշտ է նախ գնահատել նախկին գործունեության հետևանքները, վերացնել առկա բնապահպանական վնասները և ապահովել նախկին հանքավայրի ամբողջական ու պատշաճ ռեկուլտիվացիան:

Չեխիայի «Առնիկա» բնապահպանական կազմակերպության կողմից իրականացված անկախ հետազոտությունների համաձայն՝ ազդակիր տարածքներում, այդ թվում՝ հողերում, ջրերում և բնակիչների օրգանիզմներում, արձանագրվել են ծանր մետաղների (մկնդեղ, պղինձ, ցինկ, քրոմ և այլն) բարձր խտություններ, որոնք լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս շրջակա միջավայրի և բնակչության առողջության տեսանկյունից»։

Հուլիսի 17-ին Լոռու մարզում անցկացվել են «ՍԱԳԱՄԱՐ» ՓԲԸ-ի ներկայացրած՝ Արմանիսի հանքային դաշտի արևմտյան և հարավ-արևելյան թևերի տեղամասերում նախատեսվող երկրաբանական ուսումնասիրությունների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ երկրորդ հանրային լսումները։ Քննարկումներն անցել են լարված մթնոլորտում, քանի որ բնակիչներն ու ակտիվիստները դեմ են, որ Ստեփանավան համայնքն ու հարակից բնակավայրերը հանքարդյունաբերական գոտի դառնան։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---