Խուդաթյան․ Իրանից գազատարի թողունակությունը թույլ է տալիս ավելացնել ծավալները

Խուդաթյան․ Իրանից գազատարի թողունակությունը թույլ է տալիս ավելացնել ծավալները

PanARMENIAN.Net - Հայաստանը հաջողությամբ իրականացնում է Իրանի հետ «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը և քննարկում է դրա ընդլայնման հնարավորությունները, հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը: Խուդաթյանի խոսքով՝ երկու երկրներն ունեն փոխադարձ կարիքներ․ Իրանին անհրաժեշտ է էլեկտրաէներգիա, իսկ Հայաստանին՝ գազ։ Նա նշել է, որ գործող ծրագիրը հաջողությամբ իրականացվում է, սակայն դրա ընդլայնման համար զգալի հնարավորություններ կան։

«Մենք հաջողությամբ որոշակի ծավալով գազ-էլեկտրաէներգիայի դիմաց ծրագիրն իրականացնում ենք»,- ՔՊ վարչության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է նախարարը՝ անդրադառնալով իրանական կողմի հետ ձեռք բերված նոր պայմանավորվածություններին, հայտնում է Factor.am-ը:

«Գազատարի թողունակությունը թույլ է տալիս ավելացնել ծավալները, իսկ 400 կիլովոլտանոց էլեկտրահաղորդման գծի կառուցումից հետո հնարավոր կլինի էապես մեծացնել նաև էլեկտրաէներգիայի մատակարարումը»,- պարզաբանել է նախարարը:

Նա հավելել է, որ ժամկետներն ու մյուս մանրամասները հստակեցնելու նպատակով կողմերը պայմանավորվել են ստեղծել հատուկ աշխատանքային խումբ։

Պատասխանելով հարցին, թե արդյոք սա ռուսական գազին այլընտրանք գտնելու փորձ է՝ հնարավոր թանկացումների ֆոնին, Խուդաթյանը նշել է, որ որևէ մտահոգություն չկա և խոսքը սովորական աշխատանքային գործընթացի մասին է։ Նրա խոսքով՝ այս համագործակցության ձևաչափը գործում է արդեն երկար տարիներ, իսկ այժմ քննարկվում է միայն դրա շրջանակների ընդլայնումը։

Անդրադառնալով ներքաղաքական թեմաներին, մասնավորապես Հայկ Կոնջորյանի շուրջ քննարկումներին և նրա թեկնածության հնարավոր վերանայմանը, նախարարը նշել է, որ կուսակցությունում նման հարց չի քննարկվել։

«Պարոն Կոնջորյանն այս թեմայով մեկնաբանություն տարածել է, դրան ավելացնելու բան չունեմ, այլ հարց չի քննարկվել»,-ասել է նա:

Խուդաթյանը Իրանի էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ հանդիպմանը նշել է, որ էներգետիկ ոլորտը երկկողմ հարաբերությունների առանցքային ուղղություններից է։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության օրակարգային հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստան–Իրան 400 կՎ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարության ընթացքին՝ ընդգծելով ծրագրի ռազմավարական նշանակությունը երկու երկրների էներգետիկ համակարգերի փոխկապակցվածության ամրապնդման, էլեկտրաէներգիայի փոխադարձ հոսքերի ավելացման և տարածաշրջանային էներգետիկ համագործակցության ընդլայնման տեսանկյունից։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---