ՀՅԴ Հայ Դատի խորհուրդը՝ Զախարովային․ ՀՀ-ն չի դիմել ՀԱՊԿ-ին 44-օրյա պատերազմի ժամանակ

ՀՅԴ Հայ Դատի խորհուրդը՝ Զախարովային․ ՀՀ-ն չի դիմել ՀԱՊԿ-ին 44-օրյա պատերազմի ժամանակ

PanARMENIAN.Net - ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհուրդը հայտարարություն է տարածել՝ արձագանքելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ Արցախի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) վերաբերյալ հայտարարություններին։

Հայտարարության մեջ նշվում է, որ Զախարովան ասել է՝ ՀԱՊԿ-ը չէր կարող ներգրավվել Ղարաբաղի շուրջ հակամարտությանը, քանի որ Հայաստանը տվյալ տարածքը չէր ճանաչել ո՛չ որպես իր մաս, ո՛չ որպես անկախ պետություն, և այդ պատճառով կազմակերպության մեխանիզմների գործարկման համար իրավական հիմքեր չեն եղել։

ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհուրդը, սակայն, ընդգծել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ին։ Միաժամանակ, խորհրդի գնահատմամբ, ճիշտ չէ նաև այն պնդումը, թե Հայաստանը տվյալ տարածքը չէր ճանաչում որպես անկախ պետություն, ինչպես նաև սխալ է հակառակ պնդումը, թե Հայաստանը de jure ճանաչել էր Արցախի Հանրապետությունը։

Հայտարարության հեղինակները նշել են, որ իրականում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան, մշտապես հանդես են եկել այն դիրքորոշմամբ, որ Արցախի հարցի կարգավորումը պետք է իրականացվի բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի շրջանակում։ Ըստ հայտարարության՝ այդ երկրները փորձել են կանխել ինչպես Արցախի միջազգային ճանաչման գործընթացը, այնպես էլ խնդրի տեղափոխումը այլ բանակցային հարթակներ՝ միաժամանակ շեշտելով ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառման անհրաժեշտությունը։

ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհուրդը նշել է նաև, որ Հայաստանը պաշտոնապես, de jure, չի ճանաչել Արցախի Հանրապետությունը՝ բանակցային գործընթացը պահպանելու նպատակով, սակայն գործնականում Արցախն ընդունել է որպես de facto ձևավորված պետական միավոր՝ պահպանելով պետական և միջպետական հարաբերություններին բնորոշ լայն համագործակցություն, այդ թվում՝ դիվանագիտական ներկայացուցչություն, միջպետական վարկեր, միջկառավարական, միջխորհրդարանական և միջգերատեսչական համաձայնագրեր, պաշտոնական պատվիրակությունների փոխանակում և պետական պաշտոնների փոխադարձ ճանաչում։

«Սխալ և փաստերի խեղաթյուրում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարի արձագանքը Մոսկվայի ներկայացուցչի հայտարարությանը՝ թե իբր «Ղարաբաղյան տարածաշրջանը միջազգային հանրության, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության կողմից միշտ ճանաչվել է Ադրբեջանի անբաժանելի մաս»։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների կողմից հատկապես 2007 թվականի նոյեմբերից ներկայացված կարգավորման բոլոր առաջարկները նախատեսել են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման ճանապարհային քարտեզ։

Անհրաժեշտ ենք համարում այս ճշտումներն ու հստակեցումները կատարել թե՛ մեր ժողովրդի եւ թե՛ միջազգային հանրության համար, որովհետեւ նաեւ ա՛յս փաստերի վրա է հիմնված այն հանգամանքը, որ արցախցիները հետապնդում են Արդարադատության միջազգային դատարանի կողմից ամրագրված իրենց վերադարձի իրավունքը։ Իսկ ՀՅԴ Հայ դատի համակարգը իր բոլոր հնարավորություններով աջակցում է այդ իրավունքի իրացմանը»,-ասվում է հայտարարության մեջ:

 Ուշագրավ
---