Լոռիում հանրային սննդի օբյեկտում թունավորվել է 21 մարդ

Լոռիում հանրային սննդի օբյեկտում թունավորվել է 21 մարդ

PanARMENIAN.Net - Լոռու մարզի Ճոճկան համայնքում գործող անհատ ձեռնարկատեր Մերուժան Ասլանյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում՝ Lori Peak միջոցառումների անցկացման վայրում, հուլիսի 26-ին անցկացվել է հարսանեկան միջոցառում, որից մի քանի ժամ անց մասնակիցների մոտ ի հայտ են եկել սննդային թունավորման ախտանիշներ։

ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) Լոռու մասնաճյուղից Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնը հուլիսի 27-ին ստացել է բանավոր հաղորդագրություն սննդային թունավորման դեպքի վերաբերյալ:

Թունավորվածներից 15-ը հոսպիտալացվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, իսկ ևս 6-ը՝ Ալավերդու բժշկական կենտրոն։

Ահազանգից անմիջապես հետո ՍԱՏՄ-ի տեսուչները նույն օրը վերահսկողական միջոցառումներ են սկսել Lori Peak հանրային սննդի օբյեկտում։ Առկա կերակրատեսակներից վերցվել են նմուշներ և ուղարկվել լաբորատոր հետազոտության։

Հետազոտության արդյունքները կհրապարակվեն ավելի ուշ։

Վերահսկողության ընթացքում հայտնաբերվել են նաև սանիտարահիգիենիկ նորմերի մի շարք կոպիտ խախտումներ։ Մասնավորապես՝

  • սանհանգույցի դուռը բացվում է անմիջապես դեպի խոհանոց,
  • խոհանոցի պատերի մի շարք հատվածներ հարթ չեն, չեն պահպանվում նորոգ վիճակում և պատրաստված չեն անջրանցիկ, լվացվող, ախտահանվող ու ոչ թունավոր նյութերից,
  • սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող մակերևույթները՝ սեղաններն ու սառնարանների դարակաշարերը, պատրաստված չեն հարթ, հեշտ մաքրվող, ախտահանվող և կոռոզիային դիմացկուն նյութերից։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, իսկ խախտումները վերացնելու համար սահմանվել է համապատասխան ժամկետ։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---