Հրաչյա Ռոստոմյանը հեռացել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից![]() 29 հուլիսի 2026 - 18:57 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը հայտարարել է, որ հեռացել է զբաղեցրած պաշտոնից։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: Նա նշել է, որ 20 տարի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ղեկավարելուց հետո հրաժեշտ է տալիս այս պատասխանատու պաշտոնին։ «2006 թվականին, երբ ստանձնեցի ֆեդերացիայի ղեկավարումը, հայկական բասկետբոլը գտնվում էր չափազանց ծանր վիճակում։ Չկային ազգային հավաքականներ, չէին անցկացվում կանոնավոր առաջնություններ, բացակայում էին զարգացման համակարգային ծրագրերը։ Մենք փաստացի սկսեցինք ամեն ինչ զրոյից։ Տարիների ընթացքում համատեղ աշխատանքի, նվիրումի և հետևողականության շնորհիվ կարողացանք վերակենդանացնել այս գեղեցիկ մարզաձևը Հայաստանում։ Այսօր հեռանում եմ այն համոզմամբ, որ թողնում եմ կայացած և զարգացող ֆեդերացիա՝ մարտունակ ազգային հավաքականներով, բազմաթիվ տարիքային առաջնություններով, միջազգային համագործակցությամբ և, ամենակարևորը, իր գործին նվիրված ու բարձր մասնագիտական որակներ ունեցող թիմով։ Այս ճանապարհը հնարավոր չէր լինի անցնել առանց բոլոր նրանց, ովքեր այս տարիների ընթացքում եղել են մեր կողքին»,-գրել է նա: Ռոստոմյանը շնորհակալություն է հայտնել մարզիկներին, մարզիչներին, մրցավարներին, ակումբներին, գործադիր կոմիտեի անդամներին, գործընկերներին, հովանավորներին և բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել հայկական բասկետբոլի զարգացման գործում։ «Մաղթում եմ, որ հայկական բասկետբոլը շարունակի զարգանալ, հաղթել և արժանապատվորեն ներկայացնել Հայաստանը միջազգային ասպարեզում»,- նշված է Հրաչյա Ռոստոմյանի ուղերձում։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |