Դավիթ Համբարձումյանը նշանակվել է Մասիսի ղեկավարի խորհրդական

Դավիթ Համբարձումյանը նշանակվել է Մասիսի ղեկավարի խորհրդական

PanARMENIAN.Net - Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանը նշանակվել է Մասիս համայնքի ղեկավարի խորհրդական։ Նշանակումը կատարվել է Համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանի որոշմամբ:

Մեկ այլ որոշմամբ՝ Գևորգ Կոստանյանը հուլիսի 29-ից ազատվել է համայնքի ղեկավարի խորհրդականի պաշտոնից, հայտնում է Factor.am-ը:

Հունիսի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Հարություն Պետրոսյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Մակար Կիրակոսյանի, Սևակ Համբարձումյանի, մասնակի բավարարել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի դատավճռի դեմ մեղադրողների և պաշտպանների բողոքները՝ բեկանելով առաջին ատյանի դատավճիռը՝ Դավիթ և Գոռ Համբարձումյանների մասով, և վարույթն այդ մասով փոխանցել է նույն դատարան՝ նոր քննության։

Ավելի վաղ Դավիթ Համբարձումյանը ավելի քան 7 տարի տևած դատաքննությունից հետո Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել և դատապարտվել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման։ Համբարձումյանը մեղադրյալի աթոռին է հայտնվել դեռ 2019թ․-ից և մեղադրվում է իշխանափոխության օրերին դեպի Երևանի Հանրապետության հրապարակ գնացող քաղաքացիների նկատմամբ զենքով բռնություն գործադրելու համար։

Իրավապահների տվյալներով՝ 2018-ի ապրիլի 22-ին՝ ժամը 16-17-ի սահմաններում, Հայանիստ-Հովտաշատ խաչմերուկի բանուկ հատվածում տեղի է ունեցել միջադեպ, որին մասնակցել են Մասիսի քաղաքապետն ու նրա եղբայրը։

Համբարձումյանը մեղադրանքը չի ընդունում, պնդում է՝ այն շինծու է։ Այժմ Դավիթ Համբարձումյանի դատավճռի դեմ ներկայացված բողոքը գտնվում է Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում։

 Ուշագրավ
---