Ընդհանուր 263 անձ է ձերբակալվել ենթադրյալ ընտրակաշառքի գործերով

Ընդհանուր 263 անձ է ձերբակալվել ենթադրյալ ընտրակաշառքի գործերով

PanARMENIAN.Net - Ընտրական ենթադրյալ հանցագործությունների վերաբերյալ հարուցված վարույթների շրջանակում ընդհանուր առմամբ 263 անձ է ձերբակալվել:

199 քրեական վարույթ, 81 մեղադրյալ, 193 անձի վերաբերյալ դատարան ուղարկված գործեր․ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքների, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անունները նախընտրական շրջանում գրեթե ամենօրյա ռեժիմով հայտնվել են Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրություններում, գրում է Factor.am-ը:

«Ընդհանուր 263 անձ է ձերբակալվել մոտ 200 քրեական վարույթով, 287 անձի նկատմամբ հանրային հետապնդում է հարուցվել, 121 անձի նկատմամբ կա ընտրված անազատության հետ կապված խափանման միջոց՝ կալանք և տնային կալանք, իսկ 145-ի հետ կապված՝ այլընտրանքային խափանման միջոցներ»,- ասել է ՀԿԿ նախագահի տեղակալ Արմեն Ասատրյանը:

Դատարան փոխանցված գործերից 36-ը վերաբերել են «Ուժեղ Հայաստանին», 15-ը՝ «Բարգավաճ Հայաստանին», 4-ը՝ «Հայաստան» դաշինքին և 1-ը՝ «Միասնության թևեր» կուսակցությանը․ այս ցուցանիշները շարունակել են աճել գրեթե ամեն օր։

«Կա, օրինակ, դեպք, երբ անձի մոտից 10,000 դոլար ենք հայտնաբերել, կա դեպք՝ մի քանի միլիոն ենք հայտնաբերել։ Մեքենայի միջից ենք հայտնաբերել. անձը, օրինակ, փախուստի է դիմել, մեքենան թողել է, հետո համապատասխան դատավարական ընթացակարգով այդ ավտոմեքենան պահպանվել է, խուզարկության թույլտվություն է եղել դատարանի տված, խուզարկվել է ներկայացուցչի ներկայությամբ և դա հայտնաբերվել է, հայտնաբերվել են նաև ցուցակներ»,- քրեական վարույթների որոշ դրվագներ է ներկայացրել ՀԿԿ փոխնախագահը։

Ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչները շարունակել են պնդել, որ Կոմիտեի հաղորդագրություններին կից հրապարակված ձայնագրությունները մոնտաժված են, իսկ դրանց հրապարակումը կատարվել է իշխանության հստակ հանձնարարությամբ։

«Մեր հայրենակիցների 21%-ը, լսելով այդ ձայնագրությունները, չեն տվել իրենց քվեն ընդդիմադիր հայացքներ ունեցող ուժերին։ Եթե դուք ժամանակ գտնեք և մեկ րոպե տրամադրեք այդ ձայնագրությունները լսելուն, կտեսնեք՝ այդտեղ կանխարգելման մասին չի խոսքը։ Այնտեղ կա թիրախավորում, կա անհարկի ընդգծում, կան շեշտադրումներ, կա միջամտություն քաղաքական գործունեությանը»,- ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման քննության ժամանակ նշել էր «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։

Կոմիտեից հակադարձել են, որ կառույցն անկախ է, իսկ հաղորդագրություններում քաղաքական ուժերի անունների հրապարակումը կրել է ոչ թե թիրախավորման, այլ կանխարգելիչ բնույթ։

«Շատ անձինք հրաժարվում են ենթադրյալ կոռուպցիոն հանցագործության վերաբերյալ նախկինում ունեցած պայմանավորվածությունից Հակակոռուպցիոն կոմիտեի ձայնագրությունը լսելուց հետո»,- ասel է Արմեն Ասատրյանը։

Մինչ այդ հարցեր են բարձրացվել նաև այն մասին, թե ինչու իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների վերաբերյալ քրեական վարույթներ չեն նախաձեռնվել։ Որպես օրինակ հիշատակվել են Թալինի ՔՊ-ական համայնքապետ Տավրոս Սափեյանը, որը նախընտրական շրջանում ավելի քան 11.5 միլիոն դրամի օգնություն է բաժանել թալինցիներին, ինչպես նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, որը ֆոտոխցիկ է նվիրել մի աղջկա։

«Բացարձակ քարոզարշավի հետ կապ չունի, և այս պրոցեսը տեղի է ունեցել 1.5 տարի առաջ»,- քարոզարշավի ժամանակ պարզաբանել էր Ավինյանը։

Իսկ «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Գոհար Ղումաշյանի դեպքում կառույցը համարել է, որ դեպքը կապ է ունեցել քարոզարշավի հետ։ ՀԿԿ-ն հրապարակել է ձայնագրություն, որտեղ, ըստ կառույցի, նա ընտրողին հեռուստացույց է խոստացել նվիրել։

«Նախորդ տարվա ծնունդի նվերն էր, որը խոստացել եմ, սակայն մինչ օրս չեմ նվիրել»,- ասել էր Ղումաշյանը։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու Ղումաշյանը հայտնվել է մեղադրյալի աթոռին, իսկ ՔՊ-ականներ Սափեյանը և Ավինյանը՝ ոչ, իրավապահ կառույցը պարզաբանել է, որ համապատասխան վարույթ չի եղել, ինչպես նաև դրա դեմ բողոք չի ներկայացվել։

«Կա համապատասխան վարութային ակտ, և այն չի բողոքարկվել: Այսինքն՝ կողմը համաձայն է եղել այն փաստերի և իրավական ակտի հիմնավորվածության, փաստարկվածության հետ, որը որ կա»,- նշel է ՀԿԿ փոխնախագահը։

Թե արդյոք 9-րդ գումարման Ազգային ժողովում ևս գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը խորհրդարան կներկայանա ընդդիմադիր պատգամավորներից որևէ մեկին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ, առայժմ հայտնի չէ։ Նորընտիր Ազգային ժողովն անդրանիկ նիստը կգումարի օգոստոսի 2-ին։

 Ուշագրավ
---