Կարսի պալատի նախագահ․ ՀՀ-ն կարող է դառնալ Թուրքիա ներկրվող ծաղիկների նոր մատակարարը![]() 30 հուլիսի 2026 - 12:17 AMT PanARMENIAN.Net - Կարսի առևտրի և արդյունաբերության պալատի նախագահ Քադիր Բոզանը հյուրընկալել է փոխանակման ծրագրի շրջանակում Կարսում գտնվող հայ և թուրք լրագրողներին, խոսել Հայաստան-Թուրքիա սահմանի բացման, հարաբերությունների կարգավորման և մոտ ապագայում սպասվող զարգացումների մասին։ Խոսելով հնարավոր տնտեսական համագործալցության մասին՝ նա ասել է, որ ՀՀ-ն կարող է դառնալ Թուրքիա ներկրվող ծաղիկների նոր մատակարարը, գրում է «Region Monitor»-ը: Նա ընդգծել է, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին զուգահեռ արագացել են նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը։ «Հուսով ենք՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումից հետո Հայաստան-Թուրքիա հարաբերությունները վերջնական կկարգավորվեն․ այդ դեպքում այլևս Վրաստանի ճանապարհների կարիքը չենք ունենա։ Մենք անմիջապես Հայաստանի հետ կապ կունենանք»,- նշել է Բոզանը: Նա նշել է, որ Ալիջանի անցակետի աշխատանքները գրեթե ավարտվել են, իսկ Աքյաքայում աշխատանքները շատ արագ են ընթանում։ Սկզբում նախատեսվում էր բացել միայն երկաթուղին, սակայն այժմ տեղեկություններ կան, որ ավտոճանապարհը նույնպես կբացվի։ «Իմ կարծիքով՝ Ալիջան-Մարգարա ու Աքյաքա-Ախուրիկ անցակետերը կբացվեն միաժամանակ»,-ասել է նա: «Region Monitor»-ի թղթակցի հարցին, թե ինչով է պայմանավորված սահմանների բացման գործընթացի դանդաղ ընթացքը, Բոզանը պատասխանել է, որ քաղաքական հարցերը գտնվում են պետությունների իրավասության ներքո, մինչդեռ գործարարների տեսանկյունից այլևս էական խոչընդոտներ չի տեսնում։ Նրա համոզմամբ՝ սահմանների բացումից կշահեն ոչ միայն Հայաստանն ու Թուրքիան, այլև ամբողջ տարածաշրջանը։ «Հայաստանի հետ սահմանի բացումը կնշանակի նաև տրանզիտային անցում դեպի Միջին Ասիա։ Դա մեծ հնարավորություն կլինի թե՛ Թուրքիայի, թե՛ Հայաստանի, և ընդհանրապես ամբողջ տարածաշրջանի համար»,- նշել է նա։ Խոսելով հայ-թուրքական տնտեսական համագործակցության մասին՝ Կարսի առևտրի և արդյունաբերության պալատի նախագահը հիշեցրել է, որ հունիսի 2-ին Կարսում անցկացվել է հայ-թուրքական գործարար համաժողովը, որը կազմակերպվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության, Թուրքիայի պալատների և ապրանքային բորսաների միության, ինչպես նաև տարածաշրջանի առևտրային պալատների կողմից։ Նրա խոսքով՝ Կարսը հյուրընկալել է Հայաստանից ժամանած 57 գործարարների՝ տեքստիլի, հանքարդյունաբերության, շինանյութերի, սննդի և խմիչքների ոլորտներից, իսկ համաժողովը դարձել է երկու երկրների գործարար շրջանակների միջև անցկացված առաջին նման նախաձեռնություններից մեկը։ Հարցին, թե արդյոք Հայաստանը կարող է դառնալ թուրքական շուկայի ծաղիկների մատակարար՝ ռուսական շուկայի սահմանափակումներից հետո, Բոզանը նշել է, որ այդ հարցն արդեն քննարկվել է Կարսում անցկացված հայ-թուրքական գործարար համաժողովի ընթացքում։ Նրա խոսքով՝ հանդիպմանը մասնակցել է Թուրքիայի խոշորագույն ծաղիկ արտահանող ընկերություններից մեկը, որն արդեն հայկական կողմից նմուշներ է ստացել և սկսել բանակցությունները։ «Գիտենք, որ ռուսական շուկայում առաջացած խնդիրների պատճառով հայկական ծաղիկների մի մասը մնացել է առանց իրացման։ Հայաստանի ծաղիկներն իմ տեսած ամենագեղեցիկ ծաղիկներն են։ Սակայն այստեղ կարևոր են լոգիստիկան և մաքսային ընթացակարգերը։ Եթե ծաղիկը նույնիսկ մեկ օր մնա մաքսատանը, այն կարող է կորցնել իր որակը»,- ասել է Բոզանը։ Նա հավելել է, որ մինչև ապրանքների փոխադրումը անհրաժեշտ է վերջնականապես հստակեցնել պահպանման, տեղափոխման և մաքսային ձևակերպումների ընթացակարգերը, որից հետո համագործակցությունը կարող է ընդլայնվել։ Նրա խոսքով՝ մի շարք ընկերությունների միջև բանակցությունները շարունակվել են նաև համաժողովից հետո։ «Շիրակի առևտրաարդյունաբերական պալատի նախագահը, օրինակ, 2000 զինվորական վերմակի համար գնառաջարկ էր խնդրել։ Բացի այդ, տեղեկություն ունենք, որ երևանյան մի ընկերություն պատրաստվում է պայմանագիր կնքել Կարսում գործող ընկերություններից մեկի հետ շենքերի մեկուսացման նյութերի մատակարարման վերաբերյալ»,- ասել է Բոզանը՝ նշելով, որ այդ պայմանավորվածությունները մոտ ապագայում կհստակեցվեն։ Բոզանը նաև տեղեկացրել է սեպտեմբերին Երևանում նախատեսվող հայ-թուրքական գործարար համաժողովի մասին՝ ընդգծելով, որ Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարությանը ներկայացրել է երկու պահանջ։ «Առաջինը՝ Կարսից մասնակցել ցանկացող գործարարների թվի սահմանափակում չպետք է լինի։ Երկրորդը՝ եթե ցանկանում եք մեզ տեսնել Երևանում, ապա մենք պետք է անցնենք հենց Դողուքափը-Ախուրիկ անցակետով։ Մենք ցանկանում ենք ուշադրություն հրավիրել այդ անցակետի վրա»,- ասել է նա։ Նա նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նրա գնահատմամբ տարածաշրջանում խաղաղության և համագործակցության ուղղությամբ գործադրած ջանքերի համար: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Փաշինյանին՝ այս հարցում նրա ցուցաբերած ջանքերի համար։ Հուսով եմ՝ շուտով դրա պտուղները կքաղեն ողջ տարածաշրջանը՝ Թուրքիան, Հայաստանը, Ադրբեջանը և ամբողջ Կովկասը»,- եզրափակել է Բոզանը։ Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառել հայկական արտադրանքի ներմուծման նկատմամբ։ Մասնավորապես, արգելվել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրերի, ծաղիկների, ինչպես նաև որոշ ալկոհոլային խմիչքների ներմուծումը։ Սահմանափակումներ են կիրառվել նաև գյուղատնտեսական մի շարք ապրանքների, այդ թվում՝ լոլիկի, վարունգի և ելակի ներմուծման նկատմամբ։ ՌԴ-նհունիսի 2-իցսահմանափակում է ՀՀ-ից կեռասի, ծիրանի, դեղձի, սալորի, խաղողիև այլ կորիզավոր մրգերիներմուծումը, ինչպես նաև տարանցումը ԵԱՏՄ մյուս երկրներ: Հունիսի 3-ից ՌԴ-ն սահմանափակել էՀայաստանից ծագող և արտահանվող սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծմաննկատմամբ։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |