Արարատի և Արագածի գագաթներին հայ գերիներին աջակցող պաստառներ են բարձրացվել

Արարատի և Արագածի գագաթներին հայ գերիներին աջակցող պաստառներ են բարձրացվել

PanARMENIAN.Net - Արարատի և Արագածի գագաթներին Բաքվում գտնվող հայ գերիներին աջակցող պաստառներ են բարձրացվել։ Այդ մասին ասվում է «Ռուբեն Վարդանյանի աջակիցներ» ֆեյսբուքյան էջում։

Ռուբեն Վարդանյանի համախոհ, հասարակական գործիչ և հայրենադարձ Գեորգի Կևորկովը «Free Ruben Vardanyan. Free all Armenian prisoners» («Ազատություն Ռուբեն Վարդանյանին։ Ազատություն բոլոր հայ գերիներին») գրությամբ պաստառը բարձրացրել է Հայկական լեռնաշխարհի երկու խորհրդանշական գագաթներին՝ Արարատ լեռան և Հայաստանի ամենաբարձր կետի՝ Արագածի գագաթին։

«Արարատն ու Արագածը հայ ժողովրդի խորհրդանիշներն են։ Այդ գագաթներին բոլոր հայ գերիների ազատ արձակման պահանջով դրոշ բարձրացնելը նշանակում է ևս մեկ անգամ հիշեցնել աշխարհին, որ այս թեման չպետք է դուրս մնա միջազգային օրակարգից և հայ ժողովրդի պահանջներից», — նշել է Գեորգի Կևորկովը։

Ակցիայի նպատակն է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել բոլոր այն հայ գերիների ճակատագրին, որոնք արդեն մի քանի տարի շարունակ ապօրինի պահվում են Ադրբեջանում։

Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման:

ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Ցմահ ազատազրկման են դատապարտվել նաև ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և նախկին հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն ու ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը: Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման:

Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---