Դատախազությունն ընթացք է տվել Փաշինյանի հաղորդմանը ՀԷՑ-ի մասին, Դրմեյանն արձագանքել է

Դատախազությունն ընթացք է տվել Փաշինյանի հաղորդմանը ՀԷՑ-ի մասին, Դրմեյանն արձագանքել է

PanARMENIAN.Net - Դատախազությունը ընթացք է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հուլիսի 30-ի ճեպազրույցում ՀԷՑ-ի վերաբերյալ արված հայտարարությանը, հայտնում է Radar Armenia-ն:

Փաշինյանն ասել էր, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում: Նա հայտարարել է, որ գործարար Սամվել Կարապետյանի կառավարած ՀԷՑ–ը աղբյուր է ունեցել կառավարությունում՝ ակկնարկելով Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Լիպարիտ Դրմեյանին:

Դրմեյանն արձագանքել է նման զարգացմանը ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ «Փաշինյանը ստիպված է լինելու հերքել իր հայտարարությունը»։

«Այսօր տեղեկացա, որ կառավարության նիստից հետո «Կառավարությունը ես եմը» հիշել էր ինձ։ Մի կողմ թողնենք այն, որ ներկայացված փաստերը իրականության հետ ոչ մի աղերս չունեն և դրանք «Կառավարությունը ես եմ»-ը դեռ ստիպված է լինելու հերքել։ Կարճ կասեմ. ես գործել եմ հանուն մեկ սուբյեկտի և այդ մեկ սուբյեկտը Հայաստանի Հանրապետությունն է։ Զավեշտն այն է, որ այս ամենը հետևում է իմ քաղաքական ակտիվությանը։ Ավելին, այս ամենը հետևում է Սահմանադրական դատարանում մեր ներկայացրած փաստարկներին, որոնք ուղղակիորեն ցույց էին տալիս, թե ֆինանսական, ադմինիստրատիվ և ռեպրեսիվ ինչպիսի միջոցներ էին կիրառվել ՔՊ-ի կողմից ընտրությունների ամբողջ ընթացքում։

Իրավունքը և արդարությունը գերակայելու են, իսկ հանրությունը տեսնելու է, որ «Կառավարությունը դու չես»,-գրել է նա:

Դրմեյանն ազատվել է միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնից 2025-ի օգոստոսին: Պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե ՀԷՑ–ի մասով Ստոկհոլմի արբիտրաժի վճիռները պարտադիր կատարման ենթակա լինելու մասին հաստատել է նաև կառավարությանն առընթեր միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը՝ Փաշինյանն ասել էր․ «Կառավարությունը ես եմ, չի՛ կարող որևէ մեկն իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենալ։ Եթե կառավարությունում մարդիկ կան, որ իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունեն, թող հենց հիմա դիմում գրեն ու շենքերից դուրս գան, եթե ոչ, ես իրենց կհանեմ»։

 Ուշագրավ
---