Եվրահանձնաժողովի խոսնակը չի պատասխանել՝ կպահանջվի՞ ՀՀ-ից վիզային ռեժիմ սահմանել ՌԴ քաղաքացիների համար

Եվրահանձնաժողովի խոսնակը չի պատասխանել՝ կպահանջվի՞ ՀՀ-ից վիզային ռեժիմ սահմանել ՌԴ քաղաքացիների համար

PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովի խոսնակ Գիյոմ Մերսիեին, անդրադառնալով Հայաստանի և Եվրամիության հարաբերություններին, չի մեկնաբանել, թե արդյոք ԵՄ-ն կարող է պահանջել Հայաստանից վիզային ռեժիմ սահմանել Ռուսաստանի քաղաքացիների համար։

Նրան նման հարց են ուղղել Եվրահանձնաժողովի ամենօրյա բրիֆինգի ընթացքում, հարցրել են նաև՝ քննարկվե՞լ է արդյոք այդ հարցը հայ պաշտոնյաների հետ։ Հարցադրումները հնչել են Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆեռնարդ Կարթեյզերի հայտարարությունից հետո, որտեղ նա ակնարկել էր, որ Հայաստանը, անկախ տնտեսական և ֆինանսական հետևանքներից, ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու դեպքում ստիպված կլինի միանալ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներին, գրում է Factor.am-ը:

«Երբ խոսքը վերաբերում է անդամակցության գործընթացի քննարկմանը, կարևոր է շեշտել, որ Հայաստանն այսօր, առավել քան երբևէ, մոտ է ԵՄ-ին։ Մի քանի շաբաթ առաջ տեղի ունեցած ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովն իրական հաջողություն էր։ Ի հավելումն դիմակայունության և աճի ծրագրի, Խաղաղության եվրոպական հիմնադրամի ու գործընկերության առաքելությունների շրջանակներում առկա գերազանց համագործակցության՝ Հայաստանը ևս մեկ քայլ կատարեց դեպի ԵՄ՝ ընդունելով, այսպես կոչված, «ԵՄ օրինագիծը»։ Սա իսկապես կարևոր խորհրդանշական քայլ է»,- ասել է Գիյոմ Մերսիեն։

Նրա խոսքով՝ Եվրամիության անդամակցությունը հստակ սահմանված և արժանիքների վրա հիմնված գործընթաց է, որը պահանջում է անդամակցությանը ձգտող երկրի պաշտոնական հայտը։

«Այժմ մենք սերտորեն աշխատում ենք Հայաստանի հետ՝ այն ԵՄ-ին ավելի մոտեցնելու ուղղությամբ, ներառյալ այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են կապուղիները, առևտուրը և շատ ավելին»,- եզրափակել է նա՝ այդպես էլ չպատասխանելով բուն հարցին։

Երևանում մայիսի 4-ին տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որին հաջորդել է Հայաստան–Եվրամիություն առաջին գագաթնաժողովը։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան էր ժամանել մոտ 50 բարձր մակարդակի պատվիրակություն, այդ թվում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Երևան էր ժամանել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջին անգամ էր այցելել Հայաստան։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---