Microsoft-ը բարձրացնում է կրթության արդյունավետությունը Հայաստանում

PanARMENIAN.Net - Microsoft-ը մտադիր է բարձրացնել կրթության արդյունավետությունը Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) միջոցով: Այդ մասին այսօր «Տեխնոլոգիաների ու նոր մեթոդների կիրառումը կրթության համակարգում» խորագրով խորհրդաժողովում հայտարարել է Հայաստանում Microsoft-իվ ներկայացուցչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը:



Նրա կարծիքով, ՏՏ օգտագործումը կրթության ոլորտում չափազանց կարեւոր է եւ ակտուալ է այսօրվա դրությամբ, քանի որ ամեն օր տեղեկատվական տեխնոլոգիաները գնալով ավելի մեծ տեղ են զբաղեցնում մեր կյանքում եւ արդեն շատերին են հասանելի: Ըստ Գ.Բարսեղյանի, այդ ոլորտում Microsoft-ի հիմնական խնդիրը ՏՏ կիրառումն է ոչ տեխնիկական առարկաների դասավանդման մեջ:



Խորհրդաժողովին մասնակցած կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր հերթին ասել է, որ ավելորդ է խոսել ՏՏ կարեւորության մասին կրթական ոլորտում: Նա ընդգծել է, որ Հայաստանում այդ ոլորտում դեռեւս որոշակի խնդիրներ կան, մասնավորապես, համակարգիչների հասանելիության ապահովման հարցում:



Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արեգ Գրիգորյանը հաղորդել է, որ Microsoft-ի համագործակցությունը ՀՀ կրթության նախարարության հետ արդեն մի քանի տարվա պատմություն ունի: Ըստ նրա, երկու պայմանագիր է կնքվել համագործակցության մասին, որոնց շրջանակներում կրթական հաստատությունները կարող են ապահովվել լիցենզիոն ծրագրերով:



Ողջ աշխարհում Microsoft-ը «Գործընկերները կրթության ոլորտում» ծրագրի շրջանակներում ֆինանսավորել է մի քանի հարյուր նախագծեր 500 մլն դոլար ընդհանուր արժողությամբ: Այդ ծրագրին Հայաստանը մասնակցում է 2008 թվականից:
 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---