Հայաստանի նախագահը պարգեւատրել է «Կենգուրու» մաթեմատիկական մրցույթի հաղթողներին

PanARMENIAN.Net - Այսօր նախագահի նստավայրում տեղի է ունեցել մաթեմատիկայի «Կենգուրու» միջազգային մրցույթի հաղթողների պարգեւատրման արարողությունը: Մրցույթը անցել է «Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ եւ ՀՀ կրթության ու գիտության նախարարության հովանավորությամբ:



Հաղթողներին հանձնվել են մեդալներ եւ Բրյուսելում միջազգային ամառային ճամբարի ուղեգրեր:



«Ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ մասնակցության եւ հաղթանակի համար: Խորը եւ հիմնավոր գիտելիքները, սերը ուսման հանդեպ լավ նախադրյալներ են ստեղծում հետագայում լավ մարդ եւ քաղաքացի դառնալու համար, ինչը ձեզ հնարավորություն կտա ուժեղ լինել եւ դիմակայել կյանքի դժվարություններին: Ապագան ձեզ է պատկանում: Ես վստահ եմ, որ դուք կլինեք ձեր երկրի արժանի քաղաքացիներ»,-ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, դիմելով մրցույթի մասնակիցներին:



«Կենգուրու» մրցույթին մասնակցել են Հայաստանի 570 դպրոցների 30 567 աշակերտներ:



Մրցույթի նպատակն է մաթեմատիկայի հանդեպ համընդհանուր հետաքրքրության բարձրացումը:



Հանդիպմանը ներկա էր նաեւ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:



Նախագահի հետ հանդիպումից հետո մրցույթի մասնակիցներին սբ.Էջմիածնում կընդունի Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Այնուհետեւ նրանք կայցելեն Մեսրոբ Մաշտոցի եկեղեցի Օշականում:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---