ՌՀՄ. Բաքվում գիտակցաբար ձախողում են Ղարաբաղի շուրջ բանակցությունների խաղաղ գործընթացը

PanARMENIAN.Net - «Նորությունների ռուսական ծառայության եթերում Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գեղամ Խալաթյանը մեկնաբանել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլ-Բյուլ օղլու հայտարարությունը, որում վերջինս սպառնում է Հայաստանի հանդեպ ագրեսիա իրականացնել, չգիտես ինչու այդ անվանելով Հայաստանին խաղաղության պարտադրում», - նշվում է Ռուսաստանի հայերի միության PanARMENIAN.Net ին տրամադրված հայտարարության մեջ:



«Նախ եւ առաջ, կցանկանայինք մատնանշել պարոն Բյուլ-Բյուլ օղլու հայտարարությունների անհեթեթությունը: Իր երկրին կոչ անելով ագրեսիա իրականացնել Լեռնային Ղարաբաղի հանդեպ` նա չգիտես ինչու խոսում է Հայաստանին խաղաղություն պարտադրելու մասին: Ես հասկանում եմ, որ այժմ այդ բանաձեւն ընդունված է, պարզապես ծիծաղելի է այն լսել մի մարդու շուրթերից, ով խաղաղության պայմաններում կոչ է անում պատերազմ սկսել եւ խոսում է խաղաղություն պարտադրելու մասին: Տարրական տրամաբանությունը հուշում է, որ եթե Ադրբեջանը հարձակում գործի, ապա խաղաղություն պարտադրել հարկ կլինի հենց այդ երկրին», - հայտարարել է Գեղամ Խալաթյանը:



Նա նաեւ նշել է, որ «տարօրինակ է նման ռազմաշունչ հայտարարություններ լսել մի մարդու շուրթերից, ով դեռեւս երեկ ընդգրկված է եղել այսպես կոչված խաղաղության առաքելությամբ Լեռնային Ղարաբաղ, Երեւան եւ Բաքու այցելած ռուս, ադրբեջանցի եւ հայ մշակութային գործիչների մեծ պատվիրակության կազմում: Ըստ երեւույթին, հենց այդ պատճառով ժողովրդական դիվանագիտությունը զգալի արդյունքներ չի տալիս, քանի որ այն իրականացնում են մարդիկ, ովքեր Փոլադ Բյուլ-Բյուլ օղլու նման, «քարը փեշից չեն թափում»: Դա կարող է միայն ծայրահեղ ափսոսանք հարուցել»:



«Եվ վերջին դիտողություն այդ հարցի վերաբերյալ: Ցավոք, պարոն դեսպանը միայնակ չէ այդպիսի ռազմաշունչ դիրքորոշման դրսեւորման գործում: Գրեթե նույն բանն են ասում նաեւ շատ այլ ադրբեջանցի գործիչներ` իրենց նախագահի գլխավորությամբ: Այդ առնչությամբ, պետք է նշեմ, որ նման ագրեսիվ հայտարարությունները` հայ ժողովրդի հանդեպ ատելության հետ միասին, բացառում են վստահության մթնոլորտը, առանց որի, անհնարին են կառուցողական քայլերը երկու ժողովուրդների միջեւ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Ըստ էության, նրանք գիտակցաբար ձախողում են Ղարաբաղի շուրջ բանակցությունների խաղաղ գործընթացը», - նշել է Գեղամ Խալաթյանը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---