Գյումրիի քաղաքապետարանը ոչնչացնում է քաղաքի կենտրոնի կանաչ գոտին

PanARMENIAN.Net - 2009 սեպտեմբերի 3-ին առավոտ ժ. 9.00-9.30 սահմաններում Վ.Չերազի եւ Սպանդարյան փողոցներն իրար միացնող ճանապարհահատվածի շինարարության պատրվակով Գյումրիում իրականացվող դենդրոցիդը շարունակվեց եւ կարծես թե հասցվեց իր անտրամաբանական ավարտին, ասվում է Գյումրիի Օրհուս-կենտրոնի մամլո հաղորդագրության մեջ:



«Զարմանալին այն էր, որ այդ բարբարոսությունն իրականացնելու ընթացքում տարածքում կար ավելի քան 20 ոստիկան, թվով ավելի շատ, քան բուն ծառաոչնչացման աշխատանքներ իրականացնողներն էին: Երեւի այս դեպքում քաղաքապետարանը ոստիկանության միջոցով պաշտպանվում էր Գյումրու հասարակության արդարացի զայրույթից», ասվում է հաղորդագրության մեջ:



ՀՀ ՔՆ քաղաքաշինական պետական տեսչության Շիրակի տարածքային բաժնից տեղեկացանք, որ թիվ N Տ8-ԺՄ/109 գրությամբ նրանք Գյումրու քաղաքապետարանից պահանջել են դադարեցնել ինքնակամ շինարարական աշխատանքները, մինչեւ սահմանված կարգով շինարարության թույլտվություն ձեռք բերելը, որը ենթադրում է նաեւ ՀՀ Կառավարության «Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման եւ հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը եւ որոշումների ընդունմանը հասարակության ներկայացուցիչների մասնակցության կարգը սահմանելու մասին» N 660 որոշմամբ սահմանված պահանջների կատարումը:



Քաղաքապետարանը, անտեսելով ՀՀ ՔՆ քաղաքաշինական պետական տեսչության Շիրակի տարածքային բաժնի պահանջը, խախտելով մի շարք միջազգային համաձայնագրերի, ՀՀ օրենքների եւ Կառավարության որոշումների պահանջները շարունակում է իր ինքնակամ շինարարությունը, ոչնչացնելով քաղաքի կենտրոնական հատվածի կանաչ տարածքները:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---