Ռուբեն Թովմասյան. Արձանագրությունների հետեւանքներն արդեն իրենք են խոսում իրենց մասին

PanARMENIAN.Net - Արձանագրությունների ստորագրումը մեծ վտանգ է ներկայացնում եւ անընդունելի է հայկական կողմի համար: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Հայաստանի Կոմունիստական կուսակցության առաջնորդ Ռուբեն Թովմասյանը: Նրա խոսքով, այդ արձանագրությունները հիշեցնում են Ալեքսանդրապոլի պայմանագիրը, որն իրենից ոչ մի լավ բան չէր ներկայացնում: Այդ փաստաթղթով Հայաստանը կհաստատի եւ կընդունի Կարսի պայմանագիրը, քանի որ այդ արձանագրությունները ստորագրելով` կճանաչի ներկայիս սահմանները, առանց ինքնորոշման մասին հիշատակելու:



«Արձանագրությունների հետեւանքներն արդեն իրենք են խոսում իրենց մասին, անգամ Ադրբեջանն է սկսել հայտարարել, որ պատրաստ է բացել Հայաստանի հետ սահմանը»,- ասել է Հայաստանի Կոմունիստական կուսակցության առաջնորդը: Նա նաեւ նկատել է, որ երկիրը խորը տնտեսաքաղաքական ճգնաժամի մեջ է գտնվում, որի հետեւանքն էլ այն է, որ ղեկավարությունը չի կարողանում կողմնորոշվել երկրի ոչ արտաքին, ոչ էլ ներքին քաղաքականության հարցում: Թովմասյանն առանձնապես ընդգծել է, որ Հայաստանն իրավունք չունի մոռանալու Հայոց ցեղասպանության մասին: «Հայաստանը չի կարող առանց նախապայմանների բանակցել, ինչպե՞ս կարելի է խաղաղ պայմաններում Թուրքիայի հետ մերձեցման գնալ այնպիսի հարցի առկայության դեպքում, ինչպիսին Հայոց ցեղասպանությունն է»,- ասել է Ռուբեն Թովմասյանը` նկատելով, որ Հայոց ցեղասպանության հարցը միշտ առկա է լինելու երկրների միջեւ: «Թուրքիան չպետք է մոռանա Հայոց ցեղասպանության մասին. Հայաստանի օգնությամբ նա պետք է ներողություն հայցի գործածի համար»,- նշել է Թովմասյանը:
 Ուշագրավ
---