Հայաստան կժամանի Ուլյանովսկի մարզի պատվիրակությունը

PanARMENIAN.Net - Շիրակի մարզի մարզպետ Լիդա Նանյանի հրավերով 2009թ. սեպտեմբերի 15-17-ը ՀՀ-ում կլինի Ուլյանովսկի մարզի պատվիրակությունը: Պատվիրակության կազմում, որը գլխավորում է նահանգապետ Սերգեյ Մորոզովը, կընդգրկվեն Ուլյանովսկի մարզի կառավարության անդամներ, Ուլյանովսկի տեխնոպարկի ներկայացուցիչներ, Ուլյանովսկի առեւտրա-արդյունաբերական պալատի եւ հայ համայնքի ներկայացուցիչներ, հաղորդում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մամլո ծառայությունը:



Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, Շիրակի մարզի մարզպետի, Արդյունաբերողների եւ ձեռնարկատերերի միության, Առեւտրա-արդյունաբերական պալատի ներկայացուցիչների, ինչպես նաեւ ձեռնարկությունների ղեկավարների հետ:



Տեղի կունենա Ուլյանովսկի մարզի տնտեսական եւ ներդրումային ներուժի շնորհանդեսը:



Պատվիրակության անդամները կայցելեն Գյումրիի երկրաշարժի զոհերի հուշահամալիր եւ Իլ-76 ինքնաթիռի վթարից զոհված Ուլյանովսկի մարզի փրկարարների հուշարձան:



Ենթադրվում է, որ ըստ 2009թ. մայիսի 29-ին Շիրակի մարզպետ Նանյանի Ուլյանովսկ կատարած այցի ժամանակ կնքված մտադրությունների հուշագրի, Ուլյանովսկի մարզի եւ Շիրակի մարզի միջեւ համաձայնագիր կկնքվի առեւտրանտնտեսական, գիտատեխնիկական եւ մշակութային համագործակցության վերաբերյալ:



Բացի այդ, կողմերը ստորագրության կնախապատրաստեն Ուլյանովսկի բարձրագույն ավիացիոն ուսումնարանի հենքի վրա կադրեր ու ավիացիայի մասնագետներ պատրաստելու եւ Ուլյանովսկ-Երեւան չվերթ բացելու վերաբերյալ մտադրությունների մասին արձանագրությունները:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---