Ժամանակավոր հանձնաժողովը չի կարող փոխարինել հատուկ քննչական ծառայություններին

PanARMENIAN.Net - Խորհրդարանի ժամանակավոր հանձնաժողովի հաշվետվության մեջ շոշափվում է 2008թ. մարտի մեկի դեպքերին զոհ գնացած 10 հոգու հարցը: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Հայաստանի օմբուդսմեն Արմեն Հարությունյանը` մեկնաբանելով զանազան կարծիքների առկայությունն այն մասին, որ զեկույցում չեն հիշատակվում տաս հոգու մահվան հանգամանքները: Նրա խոսքով, զեկույցում նշվում է, թե որտեղ եւ ինչ հանգամանքներում է մահ արձանագրվել: «Հանձնաժողովն իր տարակուսանքն է հայտնել հատուկ քննչական ծառայության աշխատանքի առնչությամբ, բայց նա կարող էր ավելի քննադատորեն մոտենալ այդ հարցին»,- ասել է Հայաստանի օմբուդսմենը` ավելացնելով, որ 105 հոգի չեն կարողացել լուծել ոչ միայն այդ, այլեւ մնացած հարցերի մեծ մասը: «Տաս հոգու մահվան հետ կապված հարցերը պետք է լուծեն հատուկ իրավապահ մարմինները: Հանձնաժողովը չի կարող լուծել այդ խնդիրը, քանի որ չի կարող փոխարինել ոչ հատուկ քննչական ծառայություններին, ոչ էլ դատախազությանը»,- նշել է Արմեն Հարությունյանը:



Նա նաեւ նկատել է, որ ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի հաշվետվության մեջ ճիշտ շեշտադրում է կատարվել, բայց կոնկրետություն չկա: «Եզրակացությունները ճիշտ են արվել, բայց աբստրակտ»,- նկատել է մարդու իրավունքների պաշտպանը: Նրա խոսքով, զեկույցում հիմնական բացասական պահերը կապված են ընդդիմության հետ, եթե նման բան չլիներ, զեկույցը դրանից միայն կշահեր:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---