ՀՀ կառավարությունն աշխատում է հայ-թուրքական սահմանի բացման ռիսկերի չեզոքացման ուղղությամբ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ-ում կառավարական ժամի շրջանակներում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, պատասխանելով «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ, պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի այն հարցին, թե վերլուծում է արդյոք ՀՀ կառավարությունը հայ-թուրքական սահմանի բացման հնարավոր տնտեսական հետեւանքները, նշել է, որ նման աշխատանքներ կատարվել են եւ այժմ էլ ընթացքի մեջ են:



«ՀՀ յուրաքանչյուր նախարարություն հրահանգ է ստացել նախագահ Սարգսյանից նման ուսումնասիրություններ անցկացնելու վերաբերյալ, եւ հասկանալի է, որ այդ նյութերի մեծ մասը գաղտնի է պահվում, քանի որ խոսքը գնում է Հայաստանի ազգային անվտանգությանն առնչվող հարցերի մասին»,-ասել է վարչապետը:



Սարգսյանը հավելել է, որ ՀՀ կառավարությունն օգտագործում է նաեւ քաղաքական կուսակցությունների ներկայացրած վերլուծական նյութերը: Մասնավորապես, վարչապետը հղում է արել ՀՅԴ-ի նախապատրաստած նյութին, որտեղ, ըստ նրա, շատ կարեւոր գաղափարներ կան:



Վարչապետը նշել է նաեւ, որ նման աշխատանքները տեւական բնույթ են կրում եւ դեռեւս շատ անելիք կա այդ ուղղությամբ, օրինակ, հարկավոր է մշակել օրինագծեր եւ հաստատել դրանք խորհրդարանում, որպեսզի սահմանի բացումից հետո առավելագույնս նվազեցվեն հնարավոր ռիսկերը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---