Ֆիլիպ Քրոուլի. ԱՄՆ-ն հավատարիմ է մնում իր սկզբունքներին Ղարաբաղի հարցում

PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրապարակեց հայտարարություն, որտեղ ներկայացրեց վարչակազմի դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հայտարարել ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին` մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ներկայությունը Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման արարողությանը, որը տեղի ունեցավ Ցյուրիխում: Նրա խոսքերով, դեպարտամենտը կարեւորում է այս գործընթացը, եւ դա է ԱՄՆ պետքարտուղարի, ՌԴ-ի ու Ֆրանսիայի ԱԳ նախարարների, ԵՄ Գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանայի ներկայության պատճառը արարողությանը: «Նրանք գիտակցում են այն քայլի նշանակությունը, որին եկան Հայաստանն ու Թուրքիան տեւական գործընթացից հետո»,-նշել է Քրոուլին` հավելելով, որ գերտերությունները լավ են հասկանում, թե ինչի վրա է պետք աշխատել:



Քրոուլին նաեւ մեկնաբանել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը. «ԱՄՆ-ն իր ներդրումն ունի հակամարտության կարգավորման գործընթացում: Եվ ինչպես արդեն բազմիցս ասվել է, մենք շարունակում ենք հավատարիմ մնալ հիմնարար սկզբունքներին, որոնք քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ»:
 Ուշագրավ
---