ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ՏԱՐԱԿՈՒՍԱՆՔ ԵՆ ՀԱՅՏՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՔՎԻ ԿՈՂՄԻՑ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԽԵՂԱԹՅՈՒՐԵԼՈՒ ՓՈՐՁԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

PanARMENIAN.Net - Այսօր ԼՂՀ ԱԳՆ-ն տարակուսանք է հայտնել Ադրբեջանի կողմից նորագույն պատմությունը խեղաթյուրելու փորձերի կապակցությամբ: Այդ մասին «Մեդիամաքս» գործակալությանն են հայտնել ԼՂՀ մամլո ծառայությունից, վկայակոչելով Ադրբեջանի արտգործնախարար Վիլայաթ Գուլիեվի հայտարարությունն այն մասին, որ «Ադրբեջանը երբեք չի ընդունել եւ մտադիր չէ ընդունել այսպես կոչված ԼՂՀ ներկայացուցիչներին որպես բանակցություններին մասնակցող կողմ»: ԼՂՀ մամլո ծառայությունից հայտնել են, որ Գուլիեւի արտահայտությունները պայմանավորված են այն բանով, որ «նա երբեք չի մասնակցել ոչ միայն Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ երկկողմ բանակցություններին, այլ նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ԼՂՀ պատվիրակության մասնակցությամբ 1992-1997 թ. կայացած բանակցություններին»: ԼՂՀ մամլո ծառայությունում հիշեցրել են, որ 1993 թ-ից Ադրբեջանի բարձրագույն քաղաքական եւ ռազմական ղեկավարությունը բազմիցս անգամ գրավոր դիմել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանություններին` պատրաստակամություն հայտնելով կազմակերպել Ադրբեջանի եւ ԼՂՀ ղեկավարների երկկողմ հանդիպումները: ԼՂՀ ԱԳՆ տրամադրության տակ են համապատասխան փաստաթղթեր, որոնք ստորագրել են Ադրբեջանի բարձրագույն ղեկավարները, այդ թվում` Ադրբեջանի ներկայիս նախագահը եւ պաշտպանության նախարարը: Ադրբեջանցի գործընկերները պետք է նաեւ անդրադառնան 1994 թ-ի դեկտեմբերին Բուդապեշտի գագաթնաժողովում ընդունված փաստաթղթերին, ինչպես նաեւ` 1994 թ-ի մայիսի բիշքեքյան արձանագրությանը, որոնք ստորագրել են Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի խորհրդարանների ղեկավարները, նշել են ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունում:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
---