Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի ԿԿ ներկայացուցիչների առանձին հանդիպում չի եղել

PanARMENIAN.Net - Հայաստանի Կոմունիստական կուսակցության ղեկավար Ռուբեն Թովմասյանը սուտ է անվանել Ադրբեջանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի քարտուղար Ռաուֆ Ղուրբանովի հայտարարությունն այն մասին, որ Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի Կոմկուսի ներկայացուցիչները առանձին հանդիպում են ունեցել, որի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը:



«Ղուրբանովը հայտարարել է նաեւ, որ այդ հանդիպման ընթացքում մենք, իբր, ասել ենք, թե Ղարաբաղը Ադրբեջանին է պատկանում: Ուզում եմ հայտարարել, որ ադրբեջանական կողմի այս հայտարարությունները միանգամայն սուտ են եւ հիվանդ երեւակայության արդյունք», - ասել է Ռուբեն Թովմասյանը Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ:



ՀՀ Կոմկուսի ղեկավարը հայտնել է, որ վերջերս Մոսկվայում կայացավ Կոմունիստական կուսակցությունների միության-ԽՄԿԿ հերթական` 34-րդ համագումարը, որին մասնակցում էին ԱՊՀ երկրների կոմունիստները: Ռուբեն Թովմասյանի հավաստմամբ, համագումարի օրակարգում ղարաբաղյան հակամարտության հարցը դրված չէր եւ ադրբեջանցի կոմունիստների հետ հանդիպում չի եղել:



Ավելի վաղ Ադրբեջանի ԿԿ նախագահ Ռաուֆ Ղուրբանովը հայտարարել էր, որ Մոսկվայում կայացած Կոմունիստական կուսակցությունների միության-ԽՄԿԿ հերթական 34-րդ համագումարի շրջանակներում հանդիպում է կայացել Հայաստանի եւ Ադրբեջանի կոմունիստների միջեւ: Ղուրբանովի խոսքերով, հայ կոմունիստների հետ հանդիպման ժամանակ քննարկվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: «Մենք հայ կոմունիստների հետ տարակարծիք չենք այն հարցում, որ Լեռնային Ղարաբաղը ադրբեջանական հող է: Նրանք բացահայտ խոստովանում են, որ այդ հողերը պատկանում են Ադրբեջանին: Եվ ոչ առաջին անգամ, նրանք միշտ են այդ մասին հայտարարում», - ասել է Ադրբեջանի ԿԿ նախագահը:
 Ուշագրավ
---