Հայաստանի դեսպանը ՄԱԿ-ում հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը Խոջալուի մասին

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 11ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում (ԱԽ) անցկացվել են քննարկումներ` «Քաղաքացիական բնակչության պաշտպանությունը զինված հակամարտություններում» թեմայով, որոնք նվիրված էին ԱԽ-ի կողմից այս կարեւորագույն թեմային առաջին անգամ անդրադառնալու տասամյակին: Միջոցառումը նախագահելու նպատակով Նյու Յորք էր ժամանել Ավստրիայի ԱԳ նախարար Միխայել Շպինդելեգերը:



Քննարկումներին խոսք է վերցրել Ադրբեջանի դեսպան Մեհդիեեւը, որը Խոջալուի դեպքերի մասին, ներկայացնելով իրադարձությունների ադրբեջանական մեկնաբանությունը:



Մեհդիեեւի հայտարարություններին հետեւել է ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանի ելույթը, ով մասնավորապես նշել է, որ քննարկումներին իր մասնակցությունը պայմանավորված է ԼՂ հակամարտությանը նախորդած շրջանում Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ ծրագրավորված էթնիկ զտումները եւ սպանություններն ի հայտ բերելու անհրաժեշտությամբ: Դեսպան Նազարյանը հակադարձել է Խոջալուի մասին ԱԽ-ում արված ադրբեջանական հայտարարությունը, նշելով, որ համաձայն այդ տարիների Ադրբեջանի նախագահ Մութալիբովի, Խոջալուն կազմակերպել էր ադրբեջանական ընդդիմությունը, որի նպատակն էր իր իսկ բնակչության սպանության ողջ ծանրությունը գցել Բաքվի իշխանություններ վրա ու կազմակերպել հեղաշրջում: Հայաստանի դեսպանը մեղադրել է Ադրբեջանին հումանիտար եւ մարդու իրավունքների կոպիտ ոտնահարման հարցում ու նշել, որ ԼՂ հիմնախնդիրը զինված հակամարտության ճանապարհով լուծելու Բաքվի արկածախնդրությունը հանգեցրեց անկանխատեսելի ու ծանր հետեւանքների եւ միայն Հայաստանի միջամտությամբ հնարավոր եղավ կասեցնել իրենց հայրենիքում արցախահայերի բնաջնջումը եւ առհասարակ ադրբեջանական ագրեսիան:



ԱԽ-ի նիստում ելույթներ ունեցան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը, Մարդասիրական հարցերով ԳՔ տեղակալ Ջոն Հոլմսը, ինչպես նաեւ ԱԽ բոլոր տասնհինգ անդամները: Քննարկումները շարունակվեցին մինչեւ ուշ երեկո, որին մասնակցեցին եւ ելույթ ունեցան նաեւ ՄԱԿ-ի քառասունյոթ անդամ պետությունների ներկայացուցիչները, դրանց շարքում Շվեդիան` ԵՄ անունից, Նորվեգիան, Շվեյցարիան, Բրազիլիան, Արգենտինան, Կանադան, Գերմանիան, Եգիպտոսը, Իսրայելը, Հնդկաստանը, Աֆղանստանը, Հարավային Աֆրիկան, Տանզանիան, Սիրիան, Պաղեստինը, Իրանը, Հարավային Կորեան, Վրաստանը, Ռուսաստանը, Ադրբեջանը եւ այլն:
 Ուշագրավ
---