ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդը օծեց Շոշկավանքի Ս. Աստվածածին եկեղեցին14 նոյեմբերի 2009 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 12-ին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ձեռամբ օծվեց Շոշկավանքի Ս. Աստվածածին եկեղեցին: Շոշկավանքը, որ իբրեւ սրբավայր հայտնի է դեռ 13-րդ դարից, խոնարհվել էր խորհրդային իշխանության տարիներին: Եկեղեցին հիմնովին վերանորոգվել է ԼՂՀ Պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ու նրա եղբոր` Կարո Բաբայանի բարերարությամբ, իսկ տարածքի բարեկարգման ու հարակից շինությունների կառուցման ծախսերը հոգացել է արցախցի գործարար Տիգրան Խաչատրյանը: Գերաշնորհ Պարգեւ Սրբազանը Արցախի թեմի հոգեւոր դասի հետ վաղ առավոտից սկսեց եկեղեցու օծման արարողությունը: Օծվեցին Ս. Սեղանը, Աստվածամոր սրբապատկերը, Խորանի` չորս Ավետարանիչների անուններով չորս սյուները, Մկրտության ավազանն ու եկեղեցու մնացյալ սյուները: Օծման արարողության ավարտից հետո Շոշկավանքում երկար տարիների ընդմիջումից հետո Տ. Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ձեռամբ մատուցվեց անդրանիկ Պատարագը: Պատարագի սրբազան արարողությանն իրենց անմիջական մասնակցությունն էին բերում բազմաթիվ ուխտավոր հայորդիներ, որոնց ձայնակցությունը Պատարագի հոգեպարար երգեցողությանը վերջնականապես վերականգնում էր երկար տարիներ եկեղեցու կամարների ներքո լռած աղոթքի ձայնն ու զորությունը: Հընթացս ՍուրբՊատարագի խոսված քարոզում Արցախի թեմի առաջնորդը շեշտեց, որ եկեղեցին տուն է աղոթքի, սակայն այդ տանը աղոթքը լռել էր, քանի որ եկեղեցին անաստվածության տարիներին ենթարկվել էր նույն փորձությանը, ինչին մեր ողջ ժողովուրդը` կիսելով նույն ճակատագիրը: Սակայն արցախյան ազատագրական պայքարով թոթափվեց նաեւ անաստվածության լուծը, եւ Տերը հաղթանակ շնորհեց ու օրհնեց, որ վերականգնենք մեր սրբավայրերը: Պարգեւ Սրբազանն ընդգծեց, որ այդ հաղթանակի ձեռքբերման գործում մեծ դեր է ունեցել նաեւ այդ սրբավայրերում հնչած դարավոր աղոթքը, ուստի կոչ արեց անձանձրույթ աղոթքի` հանուն մեր երկրի, հավատքի, խաղաղության եւ հանուն մեր սերունդների: Սրբազան արարողությանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահ Արարատ Դանիելյանը, ԱԺ պատգամավորներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, բազմաթիվ հավատացյալներ, հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո ծառայությունը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |