Հնդկաստանը ծրագրում է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման կենտրոն բացել

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Աչալ Կումար Մալհոթրային:



Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, որ նրա պաշտոնավարման տարիներին Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ բարեկամական հարաբերությունները առավելկզարգանան եւ կամրապնդվեն, ինչը բխում է երկու ժողովուրդների ու պետությունների շահերից: Նա իր պատրաստակամությունը հայտնեց աջակցել համագործակցության խորացմանը փոխադարձ կարեւորություն ունեցող տարբեր ոլորտներում:



Հովիկ Աբրահամյանը ընդգծեց երկու երկրների միջխորհրդարանական կապերը ակտիվացնելու եւ զարգացնելու անհրաժեշտությունը, կարեւորեց բարեկամության պատգամավորական խմբերի փոխգործակցությունը, փորձի փոխանակումը օրենսդրական դաշտում, համագործակցությունը միջազգային կառույցներում: Հայաստանը բարձր է գնահատում Հնդկաստանի հետ ունեցած իր ջերմ հարաբերությունները, որոնք սկիզբ են առնում դեռեւս 16-րդ դարից, երբ հայ-հնդկական առեւտրային լայն կապերը սերտացնելով երկու ժողովուրդների բարեկամությունը` հիմք հանդիսացան հնդկահայ գաղութի ձեւավորման համար:



Հայաստանում Հնդկաստանի դեսպան Աչալ Կումար Մալհոթրայը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` նշեց, որ իր ջանքերը կգործադրի հայ-հնդկական ջերմ եւ բարեկամական հարաբերությունները հնարավորինս զարգացնելու տարբեր ուղղություններով: Կարեւորվեց միջխորհրդարանական կապերի զարգացման եւ խորացման անհրաժեշտությունը: Հնդկաստանի դեսպանը խորհրդարանի ղեկավարին տեղեկացրեց, որ նախատեսվում է Հայաստանում բացել տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցողական կենտրոն:



Հանդիպման վերջում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Հնդկաստանի դեսպանին խնդրեց փոխանցել Հնդկաստանի խորհրդարանի նախագահին Հայաստան այցելելու իր հրավերը, հաղորդում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---