«Այբ» հիմնադրամը մտադիր է «դպրոցական ավան» կառուցել Երեւանում

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 2-ին Երեւանում քննարկվել է «Այբ» կրթական հիմնադրամի խոշորագույն նախագծի` «Այբ» կրթական հանգույցի նախագիծը: Քննարկումն անցել է ճարտարապետների մասնակցությամբ:



Հիմնադրամը նախատեսում է ստեղծել Երեւանում առաջին դպրոցական ավանը իր բոլոր ենթակառուցվածքներով` դպրոց, եկեղեցի, մեդիա-արվեստների կենտրոն, մարզահամալիր, արհեստանոցներ, հանրակացարաններ եւ այգիներ:



«Հիմնադրամի նպատակն է ստեղծել մի դպրոց, որը համապատասխանում է 21-րդ դարի պահանջներին, ստեծել հանրության փոքր մոդել, որը գիտակցում է կրթության անհրաժեշտությունը, կամ, այսպես կոչված, ուսանող հասարակություն»,-ասել է հիմնադրամի հովանավորների խորհրդի նախագահ, աբեղա Մեսրոբ Արամյանը:



Ըստ նրա, հանգույցը 6,5 հա ընդհանուր տարածք կունենա եւ կգտնվի Թբիլիսյան խճուղու մերձակայքում: Դպրոցում կսովորի 800 աշակերտ, այն կունենա եռաստիճան համակարգ` տարրական դպրոց, միջին եւ ավագ դպրոց:



«Հայաստանի կառավարությունը խոստացել է հատկացնել այդ տարածքն անհատույց, սակայն վերջնական որոշում դեռեւս չի կայացվել»,-ասել է Մեսրոբ Արամյանը:



Ճգնաժամը ստիպեց կիրառել նախագծի իրագործման փուլային տարբերակը` առաջին հերթին երկու տարում կկառուցվի ավագ դպրոցը, իսկ տարրականն ու միջին դպրոցը ավելի ուշ կկառուցվեն:



«Նախագծի արժեքը 47 մլն դոլար է: 10 տոկոսը խոստացել է հատկացնել ՀՀ կառավարությունը, մնացած միջոցները պետք է հավաքվեն նվիրատվությունների տեսքով»,-ասել է հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը:



«Այբ» կրթական հիմնադրամի «ապագայի դպրոցի» ստեղծման նախագիծը ստացել է նախագահ Սերժ Սարգսյանի եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի հավանությունը, որոնք պատրաստակամություն են հայտնել աջակցել ծրագրին:
 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---