Հայաստանն ընդլայնում է համագործակցությունը եվրոպական կառույցների հետ

PanARMENIAN.Net - Փարիզում աշխատանքային այցով գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն անցկացրեց Եվրոպական երկրներում եւ միջազգային կազմակերպություններում հավատարմագրված Հայաստանի դեսպանների եւ մշտական ներկայացուցիչների խորհրդակցությունը` փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանի եւ գլխավոր քարտուղար Շահեն Ավագյանի մասնակցությամբ:



Խորհրդակցությանը անդրադարձ արվեց ս.թ. սեպտեմբերին ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների Երեւանում կայացած ամենամյա խորհրդակցությանը Հանրապետության Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքին:



Նախարար Նալբանդյանը Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին ներկայացրեց Եվրոպական Միության հետ ծավալվող համագործակցությունը, հանձնարարականներ տվեց Եվրոպական կառույցներում ներգրավվածության առավել ակտիվացման եւ եվրոպական կազմակերպությունների հետ համագործակցության խորացման վերաբերյալ:



Անդրադարձ արվեց ս.թ. դեկտեմեբրի 1-ին Աթենքում կայացած ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 17-րդ նստաշրջանին եւ ընդունված փաստաթղթերին, ինչպես նաեւ դեկտեմբերի 8-ին Բրյուսելում ԵՄ Արեւելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը:



Հայաստանի բարձրաստիճան դիվանագետները հանգամանալից քննարկեցին մի շարք տարածաշրջանային եւ միջազգային հարցեր:



Դեկտեմբերի 16-ին Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործանախարարների համաժողովին, ուր նախատեսված է նաեւ Հայաստանի ԱԳ նախարարի ելույթը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
---