Երեւանում տեղի ունեցավ Վիկտոր Համբարձումյանի հուշարձանի բացման արարողությունը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 15-ին Երեւանում տեղի ունեցավ գիտնական, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր նախագահ, աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը:



«Այս հուշարձանի բացմամբ մենք ավարտում ենք գիտնական, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր նախագահ, աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի 100-ամյակին նվիրված հանդիսությունները», - հուշարձանի բացման արարողության իր ողջույնի խոսքում ասաց Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:



Նա նշեց, որ միջոցառումների շարքում կազմակերպվել են մեծ աստղաֆիզիկոսին նվիրված մի շարք գիտաժողովներ` Մոսկվայում, Մինսկում, Փարիզում եւ այլուր, որոնք հնարավորություն են տվել աշխարհին պատմելու հայ գիտնականների մասին: Ռ. Մարտիրոսյանն հիշեցրեց, որ 2008 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել էր ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի տարի:



Միջոցառումները կազմակերպող հանձնաժողովը ղեկավարում էր Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:



Հուշարձանի բացմանը ներկա էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:



Հուշարձանը բացեցին ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը եւ Վիկտոր Համբարձումյանի որդին` ակադեմիկոս Ռուբեն Համբարձումյանը:



Միջոցառմանը ներկա ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ընդգծեց, որ այսուհետեւ Տերյան եւ Աբովյան փողոցների միջեւ ընկած հատվածը կրելու է մեծ գիտնականի անունը:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---