ՀԲ. Հայաստանը պետք է բարձրացնի մրցունակության մակարդակն ու դիվերսիֆիկացնի տնտեսությունը

PanARMENIAN.Net - Ճգնաժամը դաս եղավ Հայաստանի համար եւ վեր հանեց նրա հիմնական թերությունները` թույլ դիվերսիֆիկացիան եւ անմրցունակությունը, ուստի ճգնաժամի հետեւանքները հաղթահարելու համար երկիրը պետք է երեք պայման ապահովի, գտնում է Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսը: «Նա պետք է բարձրացնի իր դիմադրողականությունը ներդրողների համար ստեղծելով բարենպաստ պայմաններ, նվազեցնելով օլիգոպոլիայի դերը, նվազագույնի հասցնելով կոռուպցիան հարկային մարմիններում, զարգացնելով ենթակառուցվածքները, մասնավորապես տրանսպորտն ու ՏՏ ոլորտը` կրճատելու համար տրանսպորտային ծախսերն ու բարձրացնելով ՀՀ տնտեսության մրցունակությունը»,-ասել է նա:



Ըստ նրա, կարեւոր է նաեւ սոցիալական ծախսերի պահպանումը, մասնավորապես, կրթության եւ առողջապահության ոլորտներում, քանի որ հենց սոցիալական ծրագրերը թույլ տվեցին կառավարությանը մեղմել ճգնաժամի ազդեցությունը բնակչության խոցելի շերտերի վրա:



Վարուդակիսը նշել է նաեւ, որ պետպարտքի սպասարկման համար Հայաստանը պետք է բարեփոխի հարկային վարչարարությունը:



«Եվ վերջապես, պետք է ապահովել ներդրումային ծրագրերի ճիշտ գնահատումը, հատկապես այն ոլորտներում, որտեղ շահույթ ստանալու հնարավորություն կա»,-հավելել է նա:



Վարուդակիսը նշել է նաեւ, որ այդ պայմաններն ապահովելու համար ՀՀ իշխանություններին հարկավոր է վճռականություն եւ հզոր քաղաքական կամք: Այդ ուղղությամբ քայլեր կատարվում են, սակայն դա դեռեւս բավարար չէ, հայտարարել է Արիստոմենե Վարուդակիսը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---