2010 թ. Հայաստանի հարկատուների համար կներդրվի էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն

PanARMENIAN.Net - 2010 թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստանի հարկատուների համար կներդրվի էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն, PanARMENIAN.Net -ի թղթակցին հայտնեց Հայաստանի հաշվապահների եւ աուդիտների ընկերակցության նախագահ Մելս Պետրոսյանը



Ընկերակցության նախագահը տեղեկացրեց, որ ծրագրի մշակմամբ զբաղվում է Microsoft ընկերությունը, իսկ մեկ շաբաթ առաջ տեղի ունեցավ այս ծրագրային փաստաթղթի նախնական տարբերակի շնորհանդեսը: «Սա վերջնական տարբերակը չէ, մենք սպասում ենք, որ շուտով այս ծրագրային փաստաթուղթը 100 տոկոսով պատրաստ կլինի, եւ եթե ամեն ինչ գնա ըստ մեր ծրագրերի, ապա 2010 թ. այն արդեն կներմուծվի Հայաստան», -ասաց նա:



Ընկերակցության նախագահը նշեց նաեւ, որ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը ժամանակի պահանջն է, եւ «այլ ելք չունենք, պետք է սովորել, ի ցուց դնել, ընդօրինակել զարգացած երկրների փորձը»: Այս առիթով Մելս Պետրոսյանն ավելացրեց, որ ընկերակցությունը համագործակցում է միջազգային կառույցների հետ, մասնավորապես, Համաշխարհային բանկի եւ Հաշվապահների միջազգային ընկերակցության մասնագետների հետ, որպեսզի բարձրացնեն հարկային հաշվառման իրավական ոլորտում հայ ձեռնարկատերերի գրագիտությունը: Այդ նպատակով մշտապես անցկացվում են սեմինարներ եւ ուսուցողական ծրագրեր:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---