ՀՀ ԱԺ նախագահը կոչ է անում պայքարել մենաշնորհների դեմ

PanARMENIAN.Net - «Մենք բոլորս գիտենք, թե ով է Հայաստանում մենաշնորհատեր: Մենաշնորհները խանգարում են երկրի զարգացմանը եւ պետք է պայքարել այդ երեւույթի դեմ», - ամփոփիչ մամլո ասուլիսի ընթացքում ասել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:



Հ. Աբրահամյանի խոսքերի համաձայն, կառավարությունը ներկա պահին մենաշնորհների դեմ պայքարում իրավական մեխանիզմների պակաս չունի: «Ես միանգամայն համաձայն եմ ՀՀ վարչապետի հետ, երբ ասում էր, որ պետք է պայքարել այդ երեւույթի դեմ, եւ ուզում եմ նշել, որ որպես ՀՀ ԱԺ նախագահ` աջակցում եմ վարչապետին այդ հարցում», - ընդգծել է խորհրդարանի խոսնակը:



ՀՀ ԱԺ նախագահը նշել է նաեւ, որ պետք է նվազագույնի հասցնել խորհրդարանում գործարարների քանակը, քանի որ ձեռնարկատերը պետք է գործարարությամբ զբաղվի, իսկ պատգամավորը` օրենսդրական գործունեությամբ:



Խոսելով մեկ տարվա ընթացքում ՀՀ կառավարության աշխատանքների մասին, Աբրահամյանը այն գնահատեց արդյունավետ եւ նշեց, որ գործադիր եւ օրենսդիր իշխանությունների միջեւ տարաձայնություններ չկան:



Պատասխանելով լրագրողների հարցերին այն մասին, թե արդյոք 2008 թ. մարտի 1-ի էջը փակված է համարում, ասաց, որ մարտի իրադարձությունները որպես փաստ արդեն փակված են, բայց դեռ շատ անելիքներ կան այդ ուղղությամբ:
 Ուշագրավ
---