Աշխարհի թիմային առաջնություն. Հայ շախմատիստները 1-ից 4-րդ տեղն են նահանջել

PanARMENIAN.Net -
Թուրքիայի Բուրսա քաղաքում ընթացող Շախմատի աշխարհի թիմային առաջնությունում, հայ շախմատիստները 5-րդ տուրում հանդիպել են Հնդկաստանի հավաքականի հետ եւ խաղացել ոչ ոքի`2:2: Հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը զիջել է Կրիշնան Սասիկիրանին, իսկ Վլադիմիր Հակոբյանը` Պենտալ Արիկրիշնային: Գաբրիել Սարգսյանն ու Տիգրան Պետրոսյանը ոչ ոքի են խաղացել համապատասխանաբար Սուրի Գանգուլիի եւ Գատի Նարանյանի հետ:



6-րդ տուրում հայ շախմատիստները 1:3 հաշվով զիջել են Հունաստանի հավաքականին, որը մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 7-րդ տեղը: Պարտիաներն ավարտվել են հետեւյալ կերպ`



Լեւոն Արոնյան-Վասիլիոս Կոտրոնիաս-0,5-0,5

Վլադիմիր Հակոբյան-Իոաննիս Պապաիոանուս-0-1

Գաբրիել Սարգսյան-Քրիստոս Բանիկաս-0,5-0,5

Տիգրան Պետրոսյան-Ստելիոս Խալկիս-0-1:



6-րդ տուրից հետո ՀՀ հավաքականը 7 (13) միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը: Առաջին տեղում է ՌԴ հավաքականը 10 (15,5) միավորով, երկրորդում է` ԱՄՆ հավաքականը եւս 10 (15,5) միավորով:



7-րդ տուրում հայ գրոսմայստերները կհանդիպեն առաջնության առաջատար ՌԴ հավաքականի հետ:



Աշխարհի թիմային առաջնություն

ՖԻԴԵ-ն շախմատի Աշխարհի թիմային առաջնությունն անցկացնում է 1985-ից: Դրան մասնակցում են աշխարհի 10 ուժեղագույն հավաքականները, որոնք ընտրվում են շախմատային օլիմպիադաների եւ թիմային մայրցամաքային առաջնությունների արդյունքներով: Առաջնությունն ընթանում է շրջանային համակարգով: Առաջին մրցաշարի ժամանակ հանդիպումներն ընթացան 6 տախտակներով, իսկ հաջորդիվ` 4 տախտակներով: Առաջին չորս առաջնությունների անցկացման վայր ընտրվեց շվեյցարական Լյուցերն քաղաքը, հետագայում որոշվեց մրցություններն անցկացնել զանազան քաղաքներում: 2001-ին առաջնությունը կայացավ Երեւանում: Հայաստանի ազգային հավաքականը 1997-ին, 2001-ին եւ 2005-ին բրոնզե մեդալակիր է դարձել:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---