ՀՅԴ-ն Արձանագրությունների դեմ պայքարը տեղափոխում է երկրի խորհրդարան

ՀՅԴ-ն Արձանագրությունների դեմ պայքարը տեղափոխում է երկրի խորհրդարան

PanARMENIAN.Net -
Կարեւոր է այն, որ Հայաստանի Սահմանադրական Դատարանն իր վճռում հաշվի առավ բոլոր այն մտավախությունները, որոնք ավելի վաղ հնչեցվել էին ՀՅ Դաշնակցության կողմից, ինչպես նաեւ հաշվի առավ այն իրավաբանական եզրակացությունները, որոնք ներկայացրեց ՀՅԴ-ն: Այդ մասին լրագրողներին հայտնեց Հայաստանի ՀՅ Դաշնակցություն կուսակցության Բարձրագույն Մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքով, ՀՀ ՍԴ որոշումն այն մասին, որ հայ-թուրքական Արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը, մարտավարական քաղաքական քայլ էր: «Հակառակ դեպքում Թուրքիան կարող էր այդ փաստը մեր դեմ օգտագործել»,- նշեց Ռուստամյանը` ավելացնելով, որ նման իրադրությունից խուսափելու համար չարժեր այդքան շուտ դիտարկել Արձանագրությունները ՀՀ ՍԴ-ում:



Նա նկատեց նաեւ, որ ՀՅԴ-ն շարունակելու է պայքարել Արձանագրությունների վավերացման դեմ: «Այժմ մեր պայքարի դաշտը խորհրդարանն է: Եթե Արձանագրությունները վավերացվեն, ապա միայն ՀՀ Ազգային ժողովի համապատասխան վերապահումով»,- ասաց Ռուստամյանը:



Պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին այն մասին, թե արդյոք Հայաստանի Ազգային ժողովն իրավունք ունի վերապահումներ կատարել, քանի որ ՀՀ ԱԺ մասին օրենքում դա նախատեսված չի, Ռուստամյանն ասաց. «Մենք դեռեւս ժամանակ ունենք եւ կկարողանանք համապատասխան փոփոխություններ կատարել օրենքների մեջ, որպեսզի Հայաստանի խորհրդարանը վերապահումների իրավունք ունենա»: Նրա խոսքով, հակառակ դեպքում Հայաստանի նախագահը պետք է ինքը համապատասխան վերապահումներ կատարի եւ վավերացման գործընթացում դրանք կցի Արձանագրություններին:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

Հայ հեղափոխական դաշնակցություն

Հայ հեղափոխական դաշնակցությունը հնագույն քաղաքական կուսակցություն է: Ստեղծվել է 1890թ. Թիֆլիսում: 1918-20թթ. Դաշնակցությունը եղել է ՀՀ իշխող կուսակցությունը: Խորհրդային զորքեր մտցնելու արդյունքում դաշնակների կառավարությունը դադարեցրեց գոյությունը, նրա զինված կազմավորումները ջախջախվեցին, ղեկավարության մի մասը գնդակահարվեց, մի մասը` արտագաղթեց: 1988թ. կուսակցությունը վերադարձավ Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ: Ներկայումս ՀՅԴ բաժանմունքներ կան Սփյուռքի բոլոր երկրներում, հատկապես ուժեղ են նրա դիրքերը Մերձավոր Արեւելքում եւ Հարավային Ամերիկայում:

1994թ. ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով կուսակցության գործունեությունը երկրի տարածքում արգելվեց, մի շարք անդամներ ձերբակալվեցին: 1998թ. հրամանագիրը չեղյալ հայտարարվեց նորընտիր նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից: Այսօրվա դրությամբ կուսակցությունը ընդդիմության շարքերում է: Երեւանում է գտնվում կուսակցության ղեկավար մարմինը` Բյուրոն: Կուսակցությունը Սոցինտերրնի անդամ է:

Կուսակցության ծրագիրն անփոփոխ է մնում` ազատ, անկախ եւ միացյալ Հայաստանի ստեղծում 1920թ. Սեւրի պայմանագրի հաստատած սահմաններում, այսինքն Մեծ Հայաստանի մի մասի վրա:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---