Լեւոն Մալխասյան. Յուրաքանչյուր հանդիպում Գեորգի Գարանյանի հետ տոն էր

PanARMENIAN.Net -
«Իմ ծանոթությունը Գեորգի Գարանյանի հետ տեղի ունեցավ 1960-ականներին Կոմպոզիտորների միությունում, որտեղ նա հիանալի համերգ տվեց Ստեփան Շաքարյանի հետ: Այն ժամանակ նա ինձ վրա փայլուն սաքսոֆոնահարի տպավորություն թողեց: Հետագայում մենք ավելի հազվադեպ ենք հանդիպել, սակայն յուրաքանչյուր հանդիպում Գեորգի Գարանյանի հետ տոն էր»,-PanARMENIAN.Net ի թղթակցին է ասել հայտնի ջազ-դաշնակահար Լեւոն Մալխասյանը:



«Մենք հանդիպել ենք նրա հետ Իսրայելում տեղի ունեցած փառատոնին, նաեւ Սոչիում, ուր նա ժամանել էր Կրասնոդարի բիգ-բենդի հետ, որը նա ղեկավարում էր: Սակայն ես եւս մեկ հանդիպում եմ հիշում: Մեզ հրավիրեցին Յուգորսկ քաղաքում ընթացող փառատոնի փակմանը: Գեորգի Գարանյանը ժյուրիի կազմում էր եւ երբ մենք բեմ դուրս եկանք, նա դուրս եկավ մեզ մոտ եւ հայտարարեց. «Ես առաջին անգամ կնվագակցեմ իմ հայրենակիցներին»: Նա վերցրեց սաքսոֆոնն ու մի քանի ջազային պիեսներ նվագեց մեզ հետ»,-պատմում է Լեւոն Մալխասյանը:



«Մեր վերջին հանդիպումը տեղի ունեցավ արդեն Երեւանում, հայկական ջազի 70-ամյակին նվիրված համերգաշարի շրջանակներում: Ես, որպես «Հայկական ջազ-70« հոբելյանական տարվա կազմկոմիտեի նախագահ հրավիրեցի Երեւան Գեորգի Գարանյանին եւ Ալեքսանդր Զաքարյանին: Նրանք մեծ համերգ տվեցին Երեւանի ֆիլհարմոնիայի Արամ Խաչատուրյանի անվան մեծ համերգասրահում: Դրանից հետո նա երկու օր ջեմ-սեյշն նվագեց հայ երաժիշտների հետ «Մալխաս» ակումբում: Եվ դա ոչ միայն համերգ էր, այլ նաեւ գերազանց վարպետության դաս հայ ջազմենների համար: Նրա ժառանգության մասին ջազում դժվար է խոսել, սակայն նա միանշանակ ռուսական ջազի առաջատարն էր եւ չդավաճանեց իր երաժշտական ուղղվածությանը»,-ասել է Մալխասյանը:



Գեորգի Գարանյան

Գեորգի Գարանյանը Ռուսաստանի ժողովրդական արտիստ է, ՌԴ Պետական մրցանակի դափնեկիր, միջազգային ջազային փառատոների դափնեկիր: Նա ճանաչման էր հասել նաեւ որպես Օլեգ Լունդստրեմի անվան Պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր:

Գերոգի Գարանյանը ներկայացնում է ռուսական ջազի հետպատերազմյան առաջին սերունդը: 1958թ. Գարանյանի սաքսոֆոնը հնչեց Օ.Լունդստրեմի նվագախմբում, իսկ հետո, 1966թ.` Համամիութենական ռադիոյի էստրադային նվագախմբում, որի ղեկավարն է Վադիմ Լյուդվիկովսկին: 1960-ականների կեսին ժամանակակից ոճով ջազային պիեսները, որ հնչում էին Համամիութենական ռադիոյով, լայն ճանաչում բերեցին Գարանյանին եւ նրա հետ հանդես եկող երաժիշտներին:

1973թ. Պետհեռուստառադիոյի նախկին նվագախմբի բազմաթիվ երաժիշտների հրավիրեցին աշխատանքի ձայնագրման «Մելոդիա» ֆիրմա: Գ.Գարանյանը դարձավ նույնանուն նվագախմբի ղեկավարը: Այն ժամանակ էլ ծնվեց այն աստեղային կազմը, որ նույն փայլով նվագակցում էր երգիչներին, ձայնագրում էր պարային երաժշտություն եւ ջազային կոմպոզիցիաներ` սվինգից մինչեւ ջազ-ռոք: «Մելոդիան» հնչում էր նաեւ կինոյում, քանի որ, ինքը` ռուսական ջազի վարպետը, երաժշտություն է գրել շուրջ 40 ֆիլմերի համար, այդ թվում նաեւ հանրահայտ «Պոկրովի դարպասները» ֆիլմի համար:

Աշխարհի լավագույն դիրիժորներից մեկի` Գենադի Ռոժդենստվենսկու հրավերով, «Մելոդիա» նվագախումբն ու Գեորգի Գարանյանը (որպես մենակատար-իմպրովիզատոր) մասնակցել են Ալֆրեդ Շնիտկեի առաջին սիմֆոնիայի պրեմիերային:

1991թ. Գարանյանն իրականացրեց իր վաղեմի երազանքը եւ ստեղծեց Մոսկվայի բիգ-բենդը, որտեղ հրավիրվեցին երկրի ամենամեծ ջազմեններն ու պրոֆեսիոնալները: Մասնագետներն ու շարքային հանդիսատեսները բազմիցս են նշել այդ նվագախմբի եզակի հնչողությունը, նրա ղեկավարությամբ արված հիանալի հնչունավորումը:

Սակայն, ինչպես խոստովանել է ինքը Գարանյանը, նա իր ամենամեծ նվաճումն էր համարում հնչունավորման դասագիրքը: Երկրի բոլոր ուսումնական հաստատություններում այդ դասագրքով սովորում են ոչ միայն ուսանողները, այլ նաեւ դասավանդողները: Ասում են, որ դասագիրքն այնպես է գրված, որ նույնիսկ երաժշիտ չլինելով, կարելի է հասկանալ, թե ինչպես նվագել:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---