Բակո Սահակյան. Արցախի անկախությունն ու անվտանգությունը չեն կարող սակարկության առարկա լինել

PanARMENIAN.Net - Հունվարի 17-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է նույն օրը Ստեփանակերտ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեին եւ նրան ուղեկցող անձանց:



Ինչպես հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլին եւ հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր:



Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը մնում է անփոփոխ. հակամարտությունը չի կարող կարգավորվել Ադրբեջան-Արցախ անմիջական երկխոսության բացակայության պայմաններում: Այդ կապակցությամբ երկրի ղեկավարը նշել է, որ Ադրբեջանը պետք է հրաժարվի ոչ կառուցողական եւ ռազմատենչ մոտեցումներից: Միաժամանակ նախագահը մեկ անգամ եւս շեշտել է, որ Արցախի անկախությունը եւ անվտանգությունը սակարկության առարկա չեն, եւ այդ փաստի անտեսման ցանկացած փորձ անհնարին է դարձնում հակամարտության համապարփակ կարգավորումը:



Իր հերթին Ռոբերտ Բրադկեն ընդգծել է, որ հակամարտության կարգավորման ուժային տարբերակը բացարձակապես անընդունելի է: Հանդիպմանն արծարծվել են նաեւ հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված հարցեր: Երկուստեք նշվել է, որ հայ-թուրքական եւ ադրբեջանա-ղարաբաղյան փոխհարաբերություններն առանձին ու իրար հետ չփոխկապակցված գործընթացներ են:



ԵԱՀԿ Մինսկի խումբ: Մինսկում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային կոնֆերանս հրավիրելու մասին որոշումն ընդունվել է 1992թ. մարտի 24-ին ԵԱՀԿ անդամ պետությունների Նախարարների խորհրդի արտակարգ նիստում: Մինսկի կոնֆերանսի նախապատրաստմանը մասնակցող երկրները` Բուլղարիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Թուրքիան, Ֆրանսիան, Չեխոսլովակիան, Շվեդիան, կազմեցին Մինսկի շփման խումբը` Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ զինված հակամարտության կարգավորման նպատակով: Կոնֆերանսի ժամանակ հիմնվեց Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտը:



ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնական նպատակն է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, նրա դիտորդները հետեւում են զինադադարի պահպանմանը: 1993թ. Մինսկի խումբն առաջարկեց հակամարտության կարգավորման իր պլանը («Հստակեցված ժամանակացույց»), սակայն ո'չ Հայաստանը, ո'չ Ադրբեջանը չընդունեցին այն: 1994թ. երկու կողմերը, ՌԴ միջնորդությամբ, պայմանավորվեցին պահպանել ոչ պաշտոնական համաձայնությունը հրադադարի մասին, որը գործում է մինչ օրս:



ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն են Ռուսաստանը, Ֆրանսիան ու ԱՄՆ-ն:



Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄն-ն եւ Ռուսաստանը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---