Հայաստանի պետծառայողներին կսովորեցնեն ֆրանսերեն լեզու

PanARMENIAN.Net - Հունվարի 18-ին մեկնարկել է ՀՀ պետական համակարգում ներգրավված պետծառայողների ֆրանսերենի ուսուցման ծրագիրը:



2009 թ. հունիսի 9-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության եւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության, Ֆրանսիայի Հանրապետության, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության - Բելգիայի ֆրանսիական համայնքի կառավարությունների միջեւ ՀՀ պետծառայողների ֆրանսերենի ուսուցման բազմամյա ծրագրի մասին ստորագրված հուշագրի համաձայն` այսօրվանից մեկնարկում են Հայաստանում «Ալիանս Ֆրանսեզ» (Alliance Franջaise-Armռnie) կենտրոնի կողմից իրականացվող ֆրանսերեն լեզվի դասընթացները, որոնց մասնակցելու են առավել քան 70 պաշտոնյաներ, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը:



Դասընթացները նախատեսված են հիմնականում ՀՀ նախարարությունների, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի եւ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմերում ընդգրկված պետծառայողների համար:



Ֆրանսերենի ուսուցման այս ծրագիրը նպատակ ունի բարելավել միջազգային համագործակցության ոլորտում ներգրավված ՀՀ դիվանագետների եւ պետծառայողների ֆրանսերեն լեզվի իմացության մակարդակը, որի մասին Հայաստանը պատրաստակամություն է հայտնել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցացված անդամի կարգավիճակ ձեռք բերելիս եւ ամրապնդել ՀՀ պետծառայողների լեզվաճանաչողական գիտելիքները:



Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը (ՖՄԿ)` աշխարհի ֆրանսալեզու երկրների համագործակցության միջազգային կազմակերպություն է: Այն միավորում է տարբեր երկրներ ներկայացնող 56 անդամ եւ 14 դիտորդ: Կազմակերպությանը անդամակցելու գլխավոր չափանիշը համարվում է ոչ թե ֆրանսերեն լեզվի տիրապետման մակարդակը (թեեւ դա ողջունվում է), այլ Ֆրանսիայի հետ մշակութային կապերը, որոնք ստեղծվել են տասնամյակների եւ նույնիսկ դարերի ընթացքում: Իր ժամանակակից տեսքով ՖՄԿ-ն գոյություն ունի 1970 թ-ց: Կազմակերպության կարգախոսն է` «Հավասարություն, լրացում, համերաշխություն»:
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---