Նիկոլ Փաշինյանը հասցրել է ՀՀ ՍԴ դիմել` ընտրությունների արդյունքները բողոքարկելու համար

PanARMENIAN.Net - «Հայկական ժամանակ» ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, որ մասնակցել էր ՀՀ ԱԺ ընտրություններին` Երեւանի թիվ 10 ընտրատարածքում, հասցրել է հունվարի 21-ին ստորագրել ընտրությունների արդյունքները բողոքարկելու մասին փաստաթղթերը եւ իր վստահված անձի միջոցով աշխատանքային օրվա վերջում այն հանձնել է Սահմանադրական դատարան: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին ասել է Նիկոլ Փաշինյանի ընտրական շտաբի պետ Դավիթ Մաթեւոսյանը:



Ավելի վաղ ՀԱԿ-ը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ հունվարի 21-ին Նիկոլ Փաշինյանի փաստաբանը ոչ մի կերպ չի կարողանում գտնել նրան, որպեսզի վերջինս ստորագրի Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքները բողոքարկելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը: Ազգային անվտանգության ծառայության քննչական մեկուսարանից փաստաբանին հայտնել էին, որ Փաշինյանին տեղափոխել են «Նուբարաշենի» ուղղիչ գաղութ: Նրա փաստաբանը համարում էր, որ այդ բացատրությունը անհիմն է:



Հունվարի 10-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ ընտրություններին Երեւանի թիվ 10 ընտրատարածքում հաղթել է «Ազգային միաբանություն» կուսակցության թեկնածու Արա Սիմոնյանը, որ հավաքել էր 7622 ձայն:



Այդ ընտրատարածքում պատգամավորության թեկնածուներ էին գրանցվել` «Ազգային միաբանություն» կուսակցությունից Արա Սիմոնյանը, որ հավաքել էր 7622 ձայն, Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը` 299 ձայն եւ ազատազրկման մեջ գտնվող «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը` 5023 ձայն:



Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը Փաշինյանին մեղավոր է ճանաչել Քր. օրենսգրքի 1-ին մասի 225 հոդվածով եւ դատապարտել է 7 տարվա ազատազրկման` պատիժը կրելով Հայաստանի արդարադատության քրեակատարողական հիմնարկությունում:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---