ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՊԵՏՆԱԽԱՐԱՐ ՍԵՊՈՒՀ ԹԱՇՉՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ՑՈՒՑՄՈՒՆՔ ՏԱԼ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՄ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախկին պետնախարար Սեպուհ Թաշչյանը պատրաստակամություն է հայտնել ցուցմունք տալ 1992-1999 թվականներին էներգետիկայի ոլորտում չարաշահումների վերաբերյալ դատական գործում: ԱՄՆ քաղաքացի Թաշչյանը զբաղեցրել է պետնախարարի պաշտոն 1993-94 թվականներին եւ կորդինացնում էր էներգետիկայի ոլորտը: Նա ներգրավվել է հիշյալ քրեական գործում, որպես վկա: Քննիչները մտադիր են ուղարկել նրան հարցերի ցուցակ, որոնց նա պետք է պատասխանի: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը հայտնի է դարձել տեղեկացված աղբյուրներից, քննչական մարմինները տվյալներ ունեն այն մասին, որ Թաշչյանը չարաշահելով ծառայողական դիրքը Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի հետ ստորագրել է պայմանագիր, ըստ որի, Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկի շինարարության ավարտի համար բանկը տրամադրել է 54,7 մլն դոլարի չափով վարկ: Սակայն, միջոցներն օգտագործվել են այնքան անարդյունավետ, որ ՎԶԵԲ-ը ստիպված է եղել կանգնեցնել ֆինանսավորումը: Արդյունքում` էներգաբլոկի շինարարությունը մնացել է անավարտ: Նշենք նաեւ, որ դեկտեմբերի վերջին գլխավոր դատախազությունն ավարտել եւ դատարան է հանձնել եւս երկու գործ: Այսպիսով, էներգետիկայի ոլորտում ստուգումները հիմնականում ավարտված են եւ, այժմ, գլխավոր դատախազությունը սկսել է հանրապետության գազի բնագավառում զբաղված ձեռնարկությունների եւ կազմակերպությունների ստուգումը: Հիշեցնենք, որ էներգետիկայի ոլորտում իրավախախտումների փաստերը քննարկող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը պետությանը տված վնասը գնահատել է 200 մլն դոլար, սակայն դատախազությունը գտնում է, որ այդ թիվը ակնհայտորեն չափազանցված է:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
---