26 հունվարի 2010 - 12:33 AMT
PanARMENIAN.Net -
Օրերս Բեռլինի Kaiser-Wilhelm եկեղեցում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում, որը նվիրված էր մեծ հայ կոմպոզիտոր եւ երաժշտագետ Կոմիտասի հիշատակին:
Բեռլինի Հայկական եկեղեցիական եւ մշակութային համայքի նախագահ Պետրոս Տիկիչյանը իր խոսքում նշել է. «Նման միջոցառումները շատ կարեւոր են ազգային ինքնության պահպանման համար, իսկ երիտասարդների համար դա հնարավորություն է ճանաչել իրենց մշակույթը»:
Կոմիտասի կյանքի եւ գործունեության մասին զեկույցով ելույթ ունեցավ Բեռլինի Հայկական եկեղեցիական եւ մշակութային համայքի միջկրոնական եւ էկումենիք միջեկեղեցիական բաժնի վարիչ Սոնա Այբեր-Չուքասզյանը:
«Զեկույցի բոլոր նյութերը վերցված էին բեռլինյան եւ հայկական արխիվներից: Առաջին անգամ մեր համայնքի պատմության ընթաքում Կոմիտասի կյանքը եւ գործունեությունը ներկայացված էր այդպես մանրամասն: Դա հոյակապ երեկո էր: Ողջ դահլիճը լի էր Կոմիտասի ոգով եւ էներգիայով, դրան նպաստում էր նաեւ Կոմիտասի ստեղծագործությունների հնչեղությունը», - PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշել է Բեռլինի հայ համայնքի հոգեւոր առաջնորդ վարդապետ Եղիշեն:
Նա հայտնել է,որ Կոմիտասի մասին Սոնա Այբեր-Չուքասզյանի զեկույցը կհրատարակվի գերմանական ամսագրում:
Միջոցառմանը ներկա էին արվեստի գործիչներ, պատմաբաններ, հայ համայնքի ներկայացուցիչներ եւ գերմանացի ուսանողներ: Երեկոն կազմակերպվել էր Բեռլինի Հայկական եկեղեցիական եւ մշակութային համայքի կողմից:
Կոմիտասը (Սողոմոն Սողոմանյան) (1869-1935)-հայ կոմպոզիտոր է, երաժիշտ-ազգագրագետ, երաժշտության տեսաբան, խմբավար, մանկավարժ: Նա հայ կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրն է: 1881-83թթ. ուսանել է Էջմիածնի Գեւորգյան ճեմարանում, մասնագիտանալով հայ եկեղեցական երաժշտության ուսումնասիրման ոլորտում, հավաքել է գյուղական բանահյուսության նմուշներ Հայաստանի տարբեր ազգային շրջաններում: 1895թ. ստացել է վարդապետի կոչում` ընդունելով Կոմիտաս անունը: 1896-ին կոմպոզիցիա եւ երաժշտության տեսություն է ուսումնասիրել Բեռլինում (Ռ. Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում եւ Ֆրիդրիֆ Վիլհելմի համալսարանում):
Լինելով ականավոր կոմպոզիտոր, Կոմիտասն իր ստեղծագործությամբ հայ ազգային երաժշտությունն ընդգրկեց համաեւրոպական զարգացման ուղու մեջ` այդպիսով անգնահատելի ավանդ ունենալով համաշխարհային երաժշտական բանահյուսության եւ արեւելյան քրիստոնեական երաժշտարվեստի մեջ:
Նրա երաժշտական ու տեսական աշխատությունները զգալի ազդեցություն ունեցան արեւելյան այլ ժողովրդների երաժշտական մշակույթի զարգացման վրա: 1915թ. ապրիլի 24-ին, հայ մտավորականության այլ ականավոր դեմքերի հետ, Կոմիտասը եւս ձերբակալվեց եւ աքսորվեց Չանգեր կոչվող վայրը: Աքսորի ճանապարհին Կոմիտասը դարձավ իր ժողովրդի ողբերգության ականատեսը եւ կորցրեց հոգեկան հավասարակշռությունը:
Կյանքի մնացած մասը նա անցկացրեց Կոստանդնուպոլսի ռազմական հոսպիտալում, այնուհետեւ 1919-1935թթ. Փարիզի հոգեբուժական հաստատություններում: 1936թ. նրա աճյունը տեղափոխվեց Երեւան եւ հուղարկավորվեց գիտության եւ արվեստի գործիչների պանթեոնում:
Առաջին հայերը, որոնք բնակություն հաստատեցին Գերմանիայում նորագույն ժամանակներում ուսանողներ էին, որոնք մեկնել էին սովորելու: Նրանք 1885 թ-ն Լայպզիգում հիմնել են առաջին հայ ուսանողների միությունը Գերմանիայում:
Այնուամենայնիվ , հայերի արտագաղթի դեպի Գերմանիա կարելի է խոսել միայն XX դարի ենթատեքստում, երբ Հայոց ցեղասպանությունից հետո, եւ Առաջին համաշխարհային պատերազմից հետո գերմանիա գաղթեցին հայերի մեծ զանգված: 1914 թ-ն Բեռլինում հիմնվել է «Գերմանա-հայկական ընկերություն» ոչ առեւտրային միավորումը: 1923 թ-ն պաշտոնապես գրանցվեց առաջին հայ համայնք` «բեռլինի հայկական գաղթոջախը»: