ՀՀ պանրագործների ընկերակցությունը մտադիր է 4 տարում պանրի արտահանման ցուցանիշները հասցնել մինչեւ 1000 տոննա

PanARMENIAN.Net -
«2009 թվականը պանրագործների համար շատ խնդրառատ տարի էր»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում լրագրողներին հայտնեց Հայաստանի պանրագործների ընկերակցության տնօրեն Արմեն Գիգոյանը:



Նրա խոսքով, 2009 թվականի սկզբին արտահանումը կտրուկ նվազեց` կապված վարակիչ հիվանդությունների հետ: «Ելնելով հիգիենիկ նկատառումներից` վրացական սահմանով պանրի արտահանումը Ռուսաստան դադարեցվեց: Հետագայում թույլատրվեց պանիրն արտահանել միայն Իրանի տարածքով»,- պարզաբանեց նա:



Գիգոյանը նաեւ ավելացրեց` քանի որ Բելառուսի շուկան հագեցած է էժանագին կաթնային փոշիով, շատ արտադրողներ այդ փոշին որպես հումք են օգտագործել: Մինչդեռ հայկական պանրի արտադրության համար, նրա խոսքով, օգտագործվում է միայն բնական, բարձրորակ կաթը, ուստի հայկական պանիրն իր գնով անմրցունակ է դարձել միջազգային շուկաներում: «Մեր պահեստներում շատ մեծ քանակությամբ պանիր է մնացել, որը դժվարությամբ է վաճառվում: Մինչեւ հիմա նման իրադրություն չէր եղել»,- նշեց նա:



Երկրի գլխավոր պանրագործը հաղորդեց, որ այս տարի Հայաստանում պանրի գինը 1300 դրամից բարձրացավ մինչեւ 1500 դրամ: «200 դրամի տարբերությունը շատ նկատելի է հասարակ գնորդի համար»,- նկատեց նա:



Արմեն Գիգոյանը նաեւ հայտնեց, որ Պանրագործների ընկերակցությունը մտադիր է 4 տարում պանրի արտահանման ցուցանիշները հասցնել մինչեւ 1000-1100 տոննա:



Նա նշեց նաեւ, որ Պանրագործների ընկերակցությունը համագործակցում է միայն պանրագործների պաշտոնապես գրանցված խոշոր ընկերությունների հետ, որպեսզի միջազգային շուկաներ դուրս գա, ինչը տան պայմաններում պանիր արտադրող փոքր եւ միջին սուբյեկտներին հնարավորություն է տալիս բարձրացնելու իրենց մրցունակությունը երկրի տեղական շուկաներում:



«Հայկական պանիր» ընկերությունը Զարգացման հայկական գործակալության եւ Պանրագործների ընկերակցության 50/50 մասնաբաժնով պետական եւ մասնավոր ընկերություն է: Նորաստեղծ ընկերության նպատակն է ձեւավորել մեխանիզմներ, որոնց միջոցով կխթանվի հայկական պանրի արտահանումը արտերկրում մեծ պահանջարկ ունեցող շուկաներ:



Հայաստանի Պանրագործների ընկերակցությունն ունի 48 անդամ, ովքեր հանրապետությունում հիմնական պանիր արտադրողներն են: Պաշտոնական վիճակագրության 2008-2009 թթ. տվյալների համաձայն, Հայաստանում տարեկան արտադրվում է մոտ 17 հազ. տոննա պանիր, որից արտահանվում է ընդամենը 400 տոննա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---