Արտյուշա Շահբազյան. «Սասնա ծռեր» ֆիլմը վերադարձրեց մեզ հայկական գույները, երաժշտությունը, աշխարհընկալումը

PanARMENIAN.Net -
«Սասնա ծռեր» առաջին հայկական լիամետրաժ անիմացիոն ֆիլմի պրեմիերան կայացավ հունվարի 25-ին Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում: 8 տարվա ընթացքում նկարահանված 80-րոպեանոց ֆիլմը կինոդահլիճում հավաքեց Հայաստանի հասարակայնության սոցիալական տարբեր շերտերի ու ամենատարբեր տարիքի ներկայացուցիչներին:



«Դա շատ կարեւոր իրադարձություն է ողջ հայության համար: Վերջապես մենք ունենք հայկական ազգային էպոսի էկրանավորումը: Ֆիլմը վերադարձրեց մեզ հայկական գույները, երաժշտությունը, աշխարհընկալումը: Հենց դա էր մեզ երկար ժամանակ պակասում անիմացիայի ասպարեզում: Մենք արդեն սկսել էինք միայն արտասահմանյան արտադրանք տեսնել` հիմնականում անհասկանալի կերպարներով: Բաից դրանից ֆիլմի յուրաքանչյուր կադրն ընկալվում է որպես մեկ ամբողջական գեղարվեստական ստեղծագործություն, կերպարվեստի նմուշ»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում «Սասնա ծռեր» ֆիլմի մասին իր տպավորություններով կիսվեց ՀՅ Դաշնակցություն կուսակցությունից Հայաստանի ԱԺ պատգամավոր Արտյուշա Շահբազյանը:



Նա ընդգծեց նաեւ, որ ֆիլմի բարձր որակը բացատրվում է ժապավենի վրա աշխատած մասնագետների բարձր արհեստավարժությամբ, սակայն ամենամեծ արժանիքը պատկանում է սցենարի հեղինակ եւ գլխավոր ռեժիսոր Արման Մանարյանին:



«Սասնա ծռերը» առաջին հայկական լիամետրաժ անիմացիոն ֆիլմն է, «Սասնա ծռեր» հայկական էպոսի առաջին էկրանավորումը: Նախապատրաստական աշխատանքները սկսվեցին 2001 թվականին, իսկ նկարահանումները` 2002-ին եւ շարունակվեցին մինչեւ 2009 թվականի դեկտեմբերը: Ընդհանուր առմամբ «Սասնա ծռեր» ֆիլմի վրա աշխատած անիմատորների ստեղծագործական խմբի մեջ 8 հոգի էր մտնում: Սցենարի հեղինակն ու գլխավոր ռեժիսորը Արման Մանարյանն է, նկարող-բեմադրիչը` Վարդան Զաքարյանը, պրոդյուսերը` Գեւորգ Գեւորգյանը, երաժշտական ձեւավորումն իրականացրել է Հայկ Մանարյանը: Ֆիլմը հնչյունավորել են հայկական կինոյի եւ թատրոնի ամենահայտնի վարպետները` Կարեն Ջանիբեկյանը, Երվանդ Մանարյանը, Վահագն Գրիգորյանը, Ժենյա Ավետիսյանը, Խորեն Աբրահամյանը եւ ուրիշներ: Համանուն հայկական էպոսի հիման վրա եւ պետպատվերով նկարահանված «Սասնա ծռեր» անիմացիոն ֆիլմի բյուջեն կազմել է 350 միլիոն դրամ, որից 10 միլիոնը հատկացրել է Grand Candy ընկերությունը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---