Հայաստանի եւ Իրանի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների հարցերը

PanARMENIAN.Net -
Հունվարի 26-ին կայացավ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքիի հանդիպումը: Իրանի ԱԳ նախարարը Երեւանում է գտնվում հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 9-րդ նիստին մասնակցելու նպատակով:





Ողջունելով գործընկերոջը` նախարար Նալբանդյանը դրական գնահատեց հայ-իրանական բարիդրացիական ու փոխշահավետ հարաբերությունները: Հայաստանի եւ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները գոհունակությամբ նշեցին, որ պարբերական բարձր մակարդակի շփումներն ու փոխադարձ այցերը վկայում են Հայաստանի եւ Իրանի հարաբերությունների եւ համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ շահագրգռվածության մասին:Հայաստանի եւ Իրանի արտգործնախարարները հանգամանալից քննարկեցին երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարցեր, հաղորդում է ԱԳՆ-ն մամլո ծառայությունը:





Երկու երկրների առեւտրատնտեսական հարաբերություններին առնչվող հարցերի քննարկման համատեքստում նախարարներ Նալբանդյանն ու Մոթթաքին վստահություն հայտնեցին, որ Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 9-րդ նիստը կանցնի արդյունավետ եւ բարձր մակարդակով: Երկուստեք կարեւորվեց իրավապայմանագրային դաշտի առավել ընդլայնումը, ինչը երկկողմ համագործակցության խորացման նոր հնարավորություններ կընձեռի:



Էդվարդ Նալբանդյանն ու Մանուչեհր Մոթթաքին մտքեր փոխանակեցին տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովման վերաբերյալ:



Հայաստանի եւ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին:



Նախարարներն արծարծեցին նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: Նախարար Մոթթաքին ողջունեց Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հաստատմանն ուղղված ջանքերը:



Նախարար Մոթթաքին Էդվարդ Նալբանդյանին ներկայացրեց Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին զարգացումները:



Իրանի միջուկային ծրագիրը սկսվել է 1967 թ-ն, երբ ԱՄՆ-ն փոխանցեց Իրանի շահ Մուհամմեդ ռեզա Փեհլեվիին 5մՎտ հզորությամբ միջուկային ռեակտորը: Հետագայում տեխնիկական աջակցությունը ցուցաբերում էին Գերմանիան եւ Ֆրանսիան: 1968 թ-ն Իրանը ստորագրել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը, որը վավերացվել է 1970 թ-ն:



Ներկա ժամանակ համաշխարհային հանրությունը դեմ է, որ Իրանը իր տարածքում ուրան հարստացնի, քանի որ այդ դեպքում Թեհրանը ձեռնամուխ կլինի միջուկային զենքի ստեղծմանը: Իրանը իր հերթին հրաժարվում է գնալ զիջումների եւ ընդգծում է իր միջուկային ծրագրի զարգացման իրավունքը: Մոսկվան փորձում է գործել որպես միջնորդ: Դեռ 2005 թ-ն Ռուսաստանը առաջարկել է Թեհրանին տեղափոխել ուրանի հարստացման ընթացքը Ռուսաստանի տարածք:



2010 թ-ի հունվարի սկզբին Իրանը տեղեկացրել է ՄԱԳԱՏԵ-ին այն մասին, որ վեր է սկսում իր միջուկային հետազոտությունները:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---