Իտալական ընկերությունները հետաքրքրված են «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու կառուցմամբ

Իտալական ընկերությունները հետաքրքրված են «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու կառուցմամբ

PanARMENIAN.Net -
Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը 2010 թ. հունվարի 26-ին ընդունեց Իտալիայի տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Պաուլո Ռոմանիի գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը:



Նախարարը հույս է հայտնել, որ տարբեր ոլորտներում Իտալիայի հաջողված փորձի կիրառումը Հայաստանում կնպաստի երկրի տնտեսության զարգացմանը:



Հանդիպման ընթացքում, որին մասնակցում էին նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, որոնք վերաբերում են, մասնավորապես, հեռուստա-ռադիոհեռարձակման թվայնացմանը, ինտերնետ հասանելիությանը, երկաթուղուն, ճանապարհաշինարարությանը:



Պ. Ռոմանին նշել է, որ Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու համար ստեղծված են բոլոր պայմանները, որ Իտալիայում կան ճանապարհաշինարարության ոլորտում հայտնի խոշոր ընկերություններ, որոնք կմասնակցեն «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու կառուցման համար հայտարարվելիք միջազգային մրցույթին: Փոխնախարարը չբացառեց իտալական ընկերությունների մասնակցությունը նաեւ Հայաստանում երկաթուղային շինարարությանը:



2010 թ. հունվարի 15-ին Հայաստանի կառավարությունը հաստատել է «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու կառուցման ծրագիրը, որը հաշվարկված է մինչեւ 2017 թ.:



Ասիական բանկը այդ նպատակով երկրին է տվել 500 մլն դոլարի չափով վարկ: Ամբողջ ծրագիրը կարող է հասնել մինչեւ 1,5 մլրդ դոլար: Իրանի բանկերը նույնպես պատրաստակամություն են հայտնել ավտոմայրուղու առանձին հատվածները ֆինանսավորելու: Այդ նոր ավտոմայրուղու շնորհիվ Հայաստանը կարող է մեծ դեր խաղալ տարածաշրջանում որպես տարանցիկ երկիր եւ միանալ Սեւծովյան օղակաձեւ ավտոմայրուղուն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---