Արտյուշա Շահբազյան. «Այս տեսքով արձանագրությունների վավերացումը պարտություն է նշանակում»

PanARMENIAN.Net -
«Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդվարդ Շարմազանովի վերջին հայտարարությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշման մասին կարելի է ողջունել: Ես գտնում եմ, որ լավ կլիներ, եթե նույն արագությամբ իշխանության ներկայացուցիչները արձագանքեին նաեւ թուրքական կողմի արտահայտություններին եւ հայտարարեին իրենց դիրքորոշումը», - նշել է Հայաստանի ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը: Նրա խոսքերի համաձայն, թուրքական կողմը ԱԳՆ-ի, վարչապետի եւ երկրի նախագահի մակարդակով հայտարարություն է անում, որին համապատասխան քայլ պետք է անի նաեւ Հայաստանը:



Շահբազյանը դիմելով Սահմանադրական դատարանին, ասել է, որ Հայաստանի իշխանությունները պետք է հստակ հայտարարեն, որ չեն կարող անտեսել ՍԴ որոշումը:





«Ես չեմ հասկանում, թե ինչու են մեր իշխանությունները ձգտում, որ Թուրքիան շուտ վավերացնի արձանագրությունները, քանի որ այդ տեսքով արձանագրությունների վավերացումը մեզ համար պարտություն է նշանակում», - ընդգծել է Արտյուշա Շահբազյանը:



«Եթե արձանագրությունները Ազգային ժողով մտցվեն, ապա մենք կողմ կքվեարկենք միայն համապատասխան վերապահումների առկայության դեպքում», - նշել է Շահբազյանն, ավելացնելով, որ հղումը ՀՀ ՍԴ որոշմանը բավարար չէ:



Երեկ ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդվարդ Շարմազանովը լրագրողներին հայտարարել էր, որ ՀՀ ՍԴ որոշումը համապատասխանում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունների ոգուն եւ չի հակասում դրանց:



Ըստ նրա, այն անձինք եւ կուսակցությունները, որ այդ փաստաթղթում ինչ-որ խոչընդոտներ են տեսնում եւ դրա հիման վրա ձգձգում են հարաբերությունների կարգավորման գործընթացը, պատասխանատվություն են կրում բանակցությունների ձախողման համար: Շարմազանովը հայտարարել է նաեւ, որ Թուրքիան կառուցողական դիրքորոշում ձեռք բերելու փոխարեն` պատճառներ է փնտրում գործընթացը ձախողելու համար: «Թուրքիայի վարչապետի վերջին արտահայտությունները այնպիսի կարծիք է ստեղծում, որ դրանք ոչ քաղաքական գործիչը եւ ոչ էլ վարչապետն է անում: Ինչ վերաբերում է 1994 թ. ՄԱԿ-ի Անվտանգության կոմիտեի Հայաստանի վերաբերյալ բանաձեւին, ապա ես կարծում եմ, որ Էրդողանը Հայաստանը շփոթում է Թուրքիայի հետ: ՄԱԿ ԱԿ որոշումն ուղղված է Կիպրոսի հարցին եւ լավ կլինի, որ Թուրքիան իր զավթիչ զորքերը հանի Կիպրոսից, դրանով իսկ կատարելով իր պարտավորությունները ԱԿ եւ ԵՄ հանդեպ», - ընդգծել է ՀՀԿ ԽԽ քարտուղարը:







Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:





Հայ հեղափոխական դաշնակցությունը հնագույն քաղաքական կուսակցություն է: Ստեղծվել է 1890թ. Թիֆլիսում: 1918-20թթ. Դաշնակցությունը եղել է ՀՀ իշխող կուսակցությունը: Խորհրդային զորքեր մտցնելու արդյունքում դաշնակների կառավարությունը դադարեցրեց գոյությունը, նրա զինված կազմավորումները ջախջախվեցին, ղեկավարության մի մասը գնդակահարվեց, մի մասը` արտագաղթեց: 1988թ. կուսակցությունը վերադարձավ Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ: Ներկայումս ՀՅԴ բաժանմունքներ կան Սփյուռքի բոլոր երկրներում, հատկապես ուժեղ են նրա դիրքերը Մերձավոր Արեւելքում եւ Հարավային Ամերիկայում:



1994թ. ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով կուսակցության գործունեությունը երկրի տարածքում արգելվեց, մի շարք անդամներ ձերբակալվեցին: 1998թ. հրամանագիրը չեղյալ հայտարարվեց նորընտիր նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից: Այսօրվա դրությամբ կուսակցությունը ընդդիմության շարքերում է: Երեւանում է գտնվում կուսակցության ղեկավար մարմինը` Բյուրոն: Կուսակցությունը Սոցինտերրնի անդամ է:



Կուսակցության ծրագիրն անփոփոխ է մնում` ազատ, անկախ եւ միացյալ Հայաստանի ստեղծում 1920թ. Սեւրի պայմանագրի հաստատած սահմաններում, այսինքն Մեծ Հայաստանի մի մասի վրա:

 Ուշագրավ
---