Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը բարդանում է

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը բարդանում է

PanARMENIAN.Net -
«Մենք մոտենում ենք այնպիսի մի փուլի, երբ այդ հարցը գնալով բարդանում է»,- The Wall Street Journal-ին հայտնեց նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը: Նրա խոսքով, Հայաստանի նախագահի վրա ուժեղ ճնշում է գործադրվում եւ նրան փորձում են ստիպել հրաժարվել նախաձեռնվող ջանքերից, քանի որ մոտենում է ապրիլի 24-ը, երբ ԱՄՆ նախագահի մասնակցությամբ հերթական անգամ կնշվի 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, եւ դա որոշակի կոշտ ենթատեքստ կստեղծի, որի շրջանակներում կվավերացվեն այդ Արձանագրությունները:



«Թուրք պաշտոնական անձինք, ընդհակառակը, խոսում են այն մասին, որ ոչ մի ժամանակային սահմանափակումներ գոյություն չունեն, եւ այդ գործընթացը կարող է անհրաժեշտության դեպքում մի ամբողջ տարի կամ ավելի տեւել: Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն նույնպես վերջերս իր դժգոհությունը հայտնեց Հայաստանի Սահմանադրական Դատարանի որոշման առիթով, որը, ըստ նրա, փաստորեն լրացուցիչ պայմաններ է ներմուծում այդ համաձայնագրին հավանություն տալու համար: Սակայն դա այդպես չէ: Հայաստանի կառավարությունն այդ համաձայնագրի վավերացման փաստաթղթերը խորհրդարան է ուղղում եւ ինքը նույնպես փաստաթղթեր է պատրաստում, որոնք նախագահին իրավունք կտան հետ կանչել իր ստորագրությունն այդ փաստաթղթերի ներքո: Եթե այդ հնարավորությունը ձեռքից բաց թողնենք, ապա դա ողջ տարածաշրջանին հետ կնետի եւ ոչ թե այնտեղ, որտեղից մենք սկսել էինք, այլ շատ ավելի հեռու»: Այդ դեպքում երկու կողմերի միջեւ վստահությունը կխարխլվի»,- ընդգծեց Սարգսյանը, գրում է WSJ-ը «Թուրք-հայկական պայմանագիրը խոչընդոտների է բախվել» հոդվածում:



Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ վճիռը հայտնում է. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:



Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես մեկնաբանել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական Դատարանի որոշումը: Ինչպես ասվում է Թուրքիայի ԱԳՆ կայքում տեղակայված հաղորդագրության մեջ, ՀՀ ՍԴ որոշման հիմնավորումը նախապայմաններ եւ սահմանափակող դրույթներ է պարունակում, որոնք հակասում են Արձանագրությունների տառին ու ոգուն:



«2010 թվականի հունվարի 12-ին Հայաստանի ՍԴ-ն երկրի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված Արձանագրությունները: ՍԴ որոշումը հրապարակվել է սեղմ տեքստով: Այդ որոշումը խարխլում է Արձանագրությունների շուրջ բանակցությունների էությունը, ինչպես նաեւ հիմնական նպատակները: Նման մոտեցումը չի կարող ընդունվել մեր կողմից»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:



Հաղորդագրության մեջ ասվում է, որ Թուրքիան, ըստ ստանձնած պարտավորությունների, հավատարիմ է մնում Արձանագրությունների դրույթներին եւ նույնն ակնկալում է հայկական կողմից:

 Ուշագրավ
---