29 հունվարի 2010 - 17:52 AMT
PanARMENIAN.Net -
Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի հայ-շվեյցարական խորհրդարանական խմբի համանախագահներ Ուելի Լեոնբերգերի եւ Դոմինիկ դը Բումանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Շվեյցարիայի եւ Հայաստանի միջեւ երկկողմ համագործակցության խնդիրները, մասնավորապես` տնտեսական, սոցիալական եւ մշակութային ոլորտներում համագործակցության խորացման ուղղությունները, կոնկրետ ծրագրերի իրականացման ընթացքը, նաեւ` նոր նախաձեռնությունների ու միջոցառումների հնարավորությունները:
Հայաստանի դեսպանը մեծ նշանակություն է տվել Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ առկա քաղաքական փոխըմբռնմանը, Շվեյցարիայի հետ երկկողմ տնտեսական հարաբերությունները զարգացնելու Հայաստանի շահագրգռվածությանը եւ պատրաստակամությանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
Շառլ Ազնավուրը ֆրանսահայ շանսոնյե եւ դերասան է: Նրա իսկական անունը Շահնուր Վաղինակ է: Ազնավուրը ծնվել է 1924թ. մայիսի 22-ին Փարիզում Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայ գաղթականների ընտանիքում: Ազնավուրի մայրը ծագումով թուրքաբնակ հայ առեւտրականների ընտանիքից էր, հայրը ծնվել էր Ռուսաստանի կայսրության Թիֆլիսի նահանգում:
9 տարեկանից Ազնավուրը երգել է եւ հանդես եկել բեմում, իսկ 1936-ին առաջին անգամ նկարահանվել է կինոյում: Սկզբնական շրջանում Ազնավուրը հանդես էր գալիս կոմպոզիտոր Պիեռ Ռոշեի հետ: Նրանց երկուսին նկատել է Էդիթ Պիաֆը, ու 1946թ. նրանք մասնակցություն են ունեցել Պիաֆի շրջագայությանը` Ֆրանսիայում եւ ԱՄՆ-ում: Այդ ժամանակից ի վեր սկսվում է Ազնավուրի կարիերան: Սակայն վճռական բեկում երաժշտական Օլիմպում տեղի ունեցավ 1956թ.` Կասաբլանկայում եւ Փարիզում, որտեղ նա տեւական ժամանակ օրը երեք անգամ համերգներ էր տալիս «Օլիմպիա» հայտնի համերգասրահում: 1960-ականների սկզբին Ազնավուրը համերգներով հանդես է գալիս Նյու Յորքի «Քարնեգի հոլ» եւ Ambasador Hotel համերգասրահներում, իսկ ավելի ուշ Ֆրենկ Սինատրայի Reprise Records ֆիրմայում թողարկում է իր առաջին ամերիկյան ալբոմը:
Ազնավուրը շուրջ հազար երգերի հեղինակ է, որոնք կատարել եւ կատարում է ինչպես ինքը, այնպես էլ Ռեյ Չարլզը, Բոբ Դիլանը, Լայզա Մինելին, Խուլիո Իգլեսիասը եւ այլոք: Ազնավուրը դուետով հանդես է եկել Ֆրենկ Սինատրայի, Սելին Դիոնի, Լուչանո Պավարոտտիի, Պլասիդո Դոմինգոյի, Պատրիսիա Կաասի, Էլեն Սեգարայի հետ: Նա նկարահանվել է շուրջ 60 ֆիլմում եւ վաճառել է շուրջ 100 մլն սկավառակ: Ըստ TIme ամսագրի եւ CNN-ի համատեղ հարցման (1998թ.), Ազնավուրը ճանաչվել է XX դարի լավագույն կատարող:
2008թ. դեկտեմբերի 26-ին Շառլ Ազնավուրը դարձավ Հայաստանի քաղաքացի: Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր ստորագրեց քաղաքացիություն շնորհելու մասին ոչ միայն Ազնավուրին, այլ նաեւ նրա իմպրեսարիո Լեւոն Սայանին: 2009թ. մայիսի 5-ից Ազնավուրը Հայաստանի դեսպանն է Շվեյցարիայում եւ երկրի մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ի կենտրոնակայանում: