29 հունվարի 2010 - 20:46 AMT
PanARMENIAN.Net -
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պահը հասունացել է, եւ Արձանագրությունները փակուղուց դուրս գալու լավ հնարավորություն են ստեղծում` անկախ այն բանից, թե դրանք վերջապես կվավերացվեն երկու երկրների խորհրդարաններում, թե ոչ: Այդ մասին Ջորջ Վաշինգտոնի համալսարանում կայացած «Հայ-թուրքական Արձանագրություններ` իրականություն եւ առասպել» թեմայով երրորդ ֆորումի ընթացքում հայտնեց Փարիզի Պանթեոն-Ասաս համալսարանի իրավագիտության պրոֆեսոր Քաթրին Քեսեջյանը:
Ֆորումին ներկա էին ինչպես հայ, այնպես էլ թուրք, ադրբեջանցի, ռուս, վրացի, ամերիկացի ուսանողներ, դիվանագետներ: Քաթրին Քեսեջյանը կարեւոր նշանակություն տվեց ինքնին Արձանագրությունների փաստըին: Նա նշեց, որ իր համար այդ փաստաթղթերում մի բան է միանշանակ եւ շատ կարեւոր` որ երկու երկրները պարտավորվում են հավատարիմ մնալ խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու միջազգային նորմերին: «Մենք` հայերն ու թուրքերը, պետք է համաձայնության հասնենք: Ահա թե ինչու են արձանագրությունները էական»,- ասաց պրոֆեսորը:
Անդրադառնալով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին` Քաթրին Քեսեջյանը նշեց, որ այդ փաստի ճանաչման համար Թուրքիան առնվազն «հոգեբանական» խնդիրներ ունի: Նա հիշեցրեց, որ «մարդկության դեմ հանցագործություն» իրավական եզրն առաջին անգամ հայերի վերաբերմամբ է կիրառվել: Ֆրանսահայ պրոֆեսորը հույս հայտնեց, որ առաջիկա տարիներին` մինչեւ ցեղասպանության 100-ամյակը, միջազգային ատյաններում արդեն ինչ-որ արդարադատության գործընթաց սկսված կլինի, ինչի արդյունքում «մենք վերջապես դուրս կգանք փակուղուց եւ առաջ կգնանք առանց զոհի բարդույթի, առանց ոճրագործի բարդույթի»:
Զեկուցարարի ելույթի ժամանակ նրա թիկունքում կախված էր պատմական Հայաստանի եւ Կիլիկիայի քարտեզը: Հանդիպմանը ներկա թուրք դիվանագետը, որը ներկայացավ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանության անունից, իր առարկությունը հայտնեց ոչ միայն քարտեզի, այլեւ հանդիպման ձեւաչափի առիթով:
«Հայ-թուրքական Արձանագրություններ` իրականություն եւ առասպել» թեմայով ֆորումի կազմակերպիչները Policy Forum Armenia կազմակերպությունը, Միջազգային իրավունքի ամերիկյան ընկերակցությունն ու Ջորջ Վաշինգտոնի համալսարանի իրավաբանական ֆակուլտետն են: Առաջին ֆորումն անցկացվել է Ջորջ Վաշինգտոնի համալսարանում 2009 թվականի նոյեմբերին, երկրորդը կայացավ դեկտեմբերի 17-ին Լինքոլնի կենտրոնւմ գտնվող Ֆորդհեմի համալսարանում (Նյու-Յորք): Policy Forum Armenia-ն անկախ ոչ կոմերցիոն կազմակերպություն է, որը նպատակ է հետապնդում ամրապնդելՀայաստանի պետական քաղաքականության շուրջ դիսկուրսը:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:
Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` շուրջ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:
Դեռեւս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձեւեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձեւեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:
Հայոց ցեղասպանությունը ճանաչվել եւ դատապարտվել է աշխարհի շատ երկրների եւ ազդեցիկ միջազգային կազմակերպությունների կողմից: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել եւ դատապարտել է Ուրուգվայը 1965թ.: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաեւ Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման եւ փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Բելգիան, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Կանադան, Վատիկանը, Ավստրալիան, ԱՄՆ-ի 44 նահանգները:
Բելգիայում եւ Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչեւ 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:
Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաեւ մի շարք ազդեցիկ ԶԼՄ-ներ` The New York Tumes-ը, BBC-ին, The Washington Post-ը, THe Associated Press-ը:
Հայոց ցեղասպանության ճանաչումը պարտադիր պայման է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության համար:
Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը եւ վարում է այդ փաստի ժխտման ներքին եւ արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը: